top of page

Նաթան Սրբազանին վերագրվող կեղծ ձայնագրությունը կարող է ինչ-որ տեխնիկական միջոցների գործադրմամբ ստեղծված լինել. Փաստաբան

  • Writer: Lilit
    Lilit
  • 15 minutes ago
  • 1 min read

ree

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին վերագրվող ձայնագրության գործով այսօր հարցաքննվել են Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը և Ապարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի վարչական խորհրդի անդամ տեր Մուշե քահանա Վահանյանը: Հոգևորականների ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Ֆարմանյանն Aysor.am-ին ասաց, որ վաղն էլ ևս մեկ հոգևորականի հարցաքննություն է նախատեսված:

Փաստաբանի խոսքով՝ արդեն վիճարկել են Նաթան Սրբազանին վերագրվող խոսակցության ապօրինի ձայնագրության հրապարակումը, բայց քանի որ իրենց հաղորդման հիման վրա  քրեական վարույթ չի նախաձեռնվել, վերադաս բողոք են ներկայացրել դատախազին.

«Անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտելու եղանակով, քրեադատավարական ընթացակարգերի խախտմամբ՝ ինչ-որ ձայնագրություն է շպրտվել լրատվական դաշտ ու հասարակությանը ներկայացվում է որպես «ապացույց»՝ ինչ-որ գործընթացի, որի հիմքով էլ քննում են այս ապօրինի քրեական վարույթը, որի շրջանակում էլ մեր հոգևորականները հերթով հարցաքննվում են: Մենք գտնում ենք, որ այդ ձայնագրությունը  իրական չէ, կարող է ինչ-որ տեխնիկական միջոցների գործադրմամբ ստեղծված լինել, հետևաբար, դրա բովանդակության վերաբերյալ ինչ-որ ապացույցներ փնտրելը առարկայազուրկ գործընթաց է հենց պաշտպանների համար: Մենք առհասարակ  վիճարկում ենք ապացույց կոչվածի գոյությունը, ուր մնաց՝ բովանդակային առումով մտածենք, որ այնտեղ կարող են հիմնավորող բաներ լինել»:

Փաստաբանի խոսքով, այս ամենը կատարվում է  քաղաքական հետապնդումների շրջանակում և կարգալույծ եղած նախկին հոգևորականների շահերի սպասարկման համար:  

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին տարածվել էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին վերագրվող, 2023 թվականին թվագրվող խոսակցության «ձայնագրություն»։  Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի հետ որպես զրույց ներկայացվող ձայնագրությունում նախկին հոգևորականը դժգոհում է, իբրև Ամենայն Հայոց կաթողիկոսն իրեն ասել է՝ վերցնի ընտանիքի անդամներին ու գնա, մասնակցի Փաշինյանի դեմ միտինգների։ Այս «ձայնագրության» հիմքով էլ նախաձեռնվել էր քրեական վարույթը։

1/2967
bottom of page