Կարեն Մկրտչյան, գլխովդ ես պատասխան տալու. վիճաբանություն` Վարդենիսում. կան բերման ենթարկվածներ

Վարդենիս համայնքում այսօր պետք է գումարվեր ավագանու առաջին նիստը։ Նիստը գումարվելուց առաջ վիճաբանություն սկսվեց։ Կան բերման ենթարկվածներ։ Ոստիկանները բերման ենթարկեցին ««Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամ Կարեն Մկրտչյանին, խոչընդոտեցին նիստի անցկացումը ու պնդեցին՝ միջադեպի վերաբերյալ բացատրություն պետք է տա։
Միջադեպը տեղի է ունեցել ՔՊ համայնքապետի թեկնածու Արամ Մելքոնյանի և ««Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամ Կարեն Մկրտչյանի միջև։ Գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանը հայտարարում էր, թե Մկրտչյանը շենք մտնելու իրավունք չունի։ Նրան ևս ուղեկցեցին ոստիկանություն։
«Մկրտչյան Կարեն։ Դու էս շենք չպիտի մտնես։ Կյանքդ դժոխք կսարքեմ, հերիքա համայնքը թալանես։ Գլխովդ ես պատասխան տալու։ Բարոյական իրավունք չունես էս շենք մտնես։ Հենց հիմա ուզում եք ընտրություն արեք, թեկնածուին ընտրեք, բայց դու էս շենք չպետք է մտնես, գլխովդ պետք է պատասխան տաս»,- ասաց Մելքոնյանը։
««Ահարոն Խաչատրյան» դաշինքի պաշտպանը նշեց՝ առավոտյան միջադեպ է եղել ավագանու նիստի դահլիճի մոտ՝ դրա համար են բերման ենթարկում, բայց քանի որ ավագանու նիստ է տեղի ունենում՝ կա երկու տարբերակ. Կամ պետք է ձերբակալեն, կամ բերման ենթարկելու համար ծանուցեին, չներկայանալու դեպքում նոր բերման ենթարկեին։
«Միջադեպ է տեղի ունեցել, որի հիման վրա առանց մարդկանց ծանուցելու՝ լավ իմանալով, որ ավագանու նիստ է տեղի ունենում, քաղաքապետ պետք է ընտրվի, ձայների հարաբերակցությունը 14-ը 13-ի նկատմամբ է։ Սա սարքվում է, որ հիմք լինի ավագանու որոշ անդամներին նիստից հեռացնելու, բերման են ենթարկում առանց ծանուցելու։ Հանցագործություն տեղի չի ունենում, բայց սա պարզ առևանգում է»։
Բերման է ենթարկվել Արամ Մելքոնյանը, Կարեն Մկրտչյանը և ավագանու ևս մեկ անդամ։ Ըստ պաշտպանի՝ բերման ենթարկելու նպատակն է խափանել ավագանու նիստը։ Ցանկանում են ՔՊ-ի թեկնածուի օգտին ձայների հարաբերակցությունը փոխել։ «Ուժային միջոցով բերման են ենթարկում՝ ապօրինաբար ոստիկանապետը հրաժարվում է իրավական հիմք ու պատճառաբանություն ներկայացնելի բերման ենթարկելուց»։
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Վարդենիսում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։




















