top of page

«Անկախություն նշանակում է՝ ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

1 hour ago
1 min read

«Ուժեղ Հայաստան»-ի ուղերձը՝ Անկախության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք Սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։


Անկախությունը պարզապես պատմական իրադարձություն չէ։ Այն հայ ժողովրդի՝ սեփական ճակատագիրը սեփական կամքով տնօրինելու իրավունքն է, սեփական պետությունն ունենալու և այն պաշտպանելու վճռականությունը։


1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը՝ հանուն ազատ և ինքնիշխան Հայաստանի։ Այդ ընտրությունը սերունդների առաջ պարտավորություն է՝ պահպանել այն Հայաստանը, որի անկախության համար քվեարկել ենք, և այն ավելի ուժեղ դարձնել, պահպանել հայկական հողերը, Սահմանադրությունը և հայի ինքնությունը:


Անկախ պետությունն այն է, որն իր որոշումները կայացնում է սեփական ազգային շահից ելնելով, իր իրավունքները չի փոխանակում ժամանակավոր հանգամանքների հետ և իր ապագայի տնօրինումը չի հանձնում բախտախնդիրներին։


Հայաստանի անկախությունը չի կարող լինել միայն հռչակված արժեք։ Այն պետք է պաշտպանված լինի ուժեղ բանակով, ամուր պետական ինստիտուտներով, օրենքի գերակայությամբ, արժանապատիվ քաղաքացիներով և իշխանությամբ, որը գիտի՝ պետության առաջին պարտավորությունը սեփական ժողովրդի ու պետական շահի պաշտպանությունն է։


Մենք հավատում ենք Հայաստանին, որը խաղաղության է ձգտում, բայց խաղաղությունը չի կառուցում զիջումների և սեփական իրավունքներից հրաժարվելու հաշվին։ Հայաստանին, որը բանակցում է, բայց չի հրաժարվում իր ազգային շահերից, իր ինքնությունից։


Համագործակցում է բոլորի հետ, բայց իր ապագայի որոշումը պահում է սեփական ձեռքում։


Անկախություն նշանակում է՝ ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի՝ ինչպիսին է լինելու Հայաստանը։


Մեր ապագան մեր ձեռքերում է։ Եվ այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստան։


Տո՛նդ շնորհավոր, Հայաստան»։

1/3630
bottom of page