top of page

Որ դեպքերում կարող են դադարեցնել կենսաթոշակի վճարումը․ մանրամասներ

2 hours ago
2 min read

Iravaban.net–ի փոխանցմամբ՝ Որոշ դեպքերում կենսաթոշակառուի դիմումը կարող է մերժվել տարածքային սոցիալական ծառայության կողմից, իսկ որոշ դեպքերում հնարավոր են կենսաթոշակի վճարման դադարեցում և պահումներ։ Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը։


Ի՞նչ պատճառներով կարող է մերժվել աշխատանքային կենսաթոշակի դիմումը


Աշխատանքային կենսաթոշակի դիմումը կարող է մեժվել, եթե՝


  • անձը չունի կենսաթոշակի իրավունք

  • անձը, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, չունի ՀՀ բնակության վայր (հասցե).

  • անձը սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացրել կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։


Դիմումը մերժվելու դեպքում դրա մասին կտեղեկանաք դիմումը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։


Ե՞րբ կարող է դադարեցվել աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունքը


Աշխատանքային կենսաթոշակի տրամադրումը կարող է դադարեցվել եթե՝


  • կենսաթոշակառուն հրաժարվի ՀՀ քաղաքացիությունից,

  • կենսաթոշակառուն մշտապես բնակություն հաստատի օտարերկրյա պետությունում,

  • կենսաթոշակառուն կենսաթոշակ ստանա այլ պետությունից,

  • կենսաթոշակի դիմումի գործում հայտնաբերվեն կեղծ փաստաթղթեր,

  • լրանա ՀՀ-ում կենսաթոշակառուի բնակվելու իրավունքի ժամկետը (օտարերկրյա քաղաքացիների դեպքում),

  • անկախիկ եղանակով կենսաթոշակ ստանալու դեպքում առնվազն յուրաքանչյուր տարի կենսաթոշակառուն չներկայանա այն բանկ, որից ստանում է կենսաթոշակը և չստորագրի, որ բնակվում է ՀՀ-ում,

  • սպառվի լիազորված անձի կողմից անկանխիկ եղանակով կենսաթոշակը ստանալու լիազորագրի ժամկետը (12 ամիս)։


Կենսաթոշակի տրամադրումը դադարեցվում է նաև կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև մահացած կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում։


Ո՞ր դեպքերում կարող են պահումներ կատարվել աշխատանքային կենսաթոշակից


Աշխատանքային կենսաթոշակից կկատարվեն պահումներ, եթե՝


 

  • կենսաթոշակառուն ներկայացնում է սխալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր,

 

  • սխալմամբ կենսաթոշակառուին վճարվում է նշանակածից ավելի գումար։

 

Արդյո՞ք ԴԱՀԿ-ն կարող է կենսաթոշակից պահումներ կատարել


Այո՛, ԴԱՀԿ-ն՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, կարող է կատարել պահումներ մինչև կենսաթոշակի գումարի 30%-ի չափով՝ մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը, այնպես, որ պահումներ կատարելուց հետո վճարման ենթակա գումարը պակաս չլինի ՀՀ կառավարության սահմանած սոցիալական նպաստի չափից:


Ֆիզիկական անձի կուտակային կենսաթոշակային ակտիվներից (դրանց կուտակման ժամանակահատվածում) պահումներ չեն կարող կատարվել մինչև նրա` օրենքով սահմանված կարգով կուտակային կենսաթոշակ ստանալը։ 


Կայքի փոխանցմամբ՝ նյութը կազմվել է՝ համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի։

1/3630
bottom of page