top of page

ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 50%-ը

1 hour ago
1 min read

Ռուսաստանում Պետդումայի պատգամավորների ընտրությունների մասնակցությունը սեպտեմբերի 20-ին կազմել է 50,47%։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներին։



Քվեարկության առաջին օրվա ավարտին մասնակցությունը կազմել էր 29,65%, իսկ երկրորդ օրվա ավարտին՝ 44,38%։



Պետդումայի ընտրություններն անցկացվում են սեպտեմբերի 18-20-ը։ Ընտրվելու է 450 պատգամավոր․ 225 մանդատ բաշխվելու է կուսակցական ցուցակներով, ևս 225-ը՝ միամանդատ ընտրատարածքներում։



Ռուսաստանի 32 շրջաններում, չհաշված Մոսկվան, գործում է հեռավար էլեկտրոնային քվեարկության համակարգը։ ՌԲԿ-ի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 14։00-ի դրությամբ այդ համակարգով քվեարկել է ավելի քան 4 միլիոն ընտրող։



Ընտրությունների ընթացքում արձանագրվել են նաև մի շարք միջադեպեր։ Կոմիում ընտրատեղամասերից մեկում հրդեհ է բռնկվել, իսկ մեկ այլ տեղամասում ՌԴ ԿԸՀ-ն հայտնել է քվեաթերթիկների լցոնման դեպքի մասին։ Մարի Էլում քվեատուփում գտնվող քվեաթերթիկները նման միջադեպից հետո անվավեր են ճանաչվել։



ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ ընտրարշավի ընթացքում հարուցվել է առնվազն 22 քրեական գործ։



Պետդումայի ընտրություններին զուգահեռ Ռուսաստանում անցկացվում են ավելի քան 2200 տարբեր մակարդակի ընտրություններ։ Ընտրատեղամասերը կփակվեն տեղական ժամանակով ժամը 20։00-ին։



Ռուսաստանի սահմաններից դուրս ընտրողների համար 152 երկրում ստեղծվել է 333 ընտրատեղամաս։

1/3629
bottom of page