«Հրապարակ»․ Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար
- 9 hours ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընտրություններին ընդառաջ, իշխանությունը գրեթե տասն օրը մեկ պարբերականությամբ ներքին հարցումներ է անցկացնում եւ փորձում պարզել ու գնահատել իրենց շանսերը, ըստ այդմ՝ վերլուծություններ ու հետեւություններ անել, թե ինչպիսին է իրավիճակը։
Մեզ ասացին, որ վերջին հարցումների տվյալներն էլ հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար, չնայած իշխող ուժը, այնուամենայնիվ, առաջատարն է եւ կաշվից դուրս է գալիս ռեյտինգը բարձրացնելու համար: Ըստ մեր աղբյուրի, ընդդիմադիր երեք-չորս ուժ համատեղ բավական էական տարբերությամբ գերազանցում են ՔՊ-ին։
Համենայնդեպս, այս պահի դրությամբ` ՔՊ-ն 30 տոկոս ցուցանիշի սահմաններում է, բայց իշխանական խմբակը հույս ունի, որ շեմը չհաղթահարած կուսակցություններն այնքան շատ ձայներ կփոշիացնեն, որ իրենք 50+1 կհավաքեն։
Ի դեպ, իշխանության վարկանիշը բարձրացնելու նկատառումով հնարավոր է առաջիկայում կրկին քրեական գործերի տեղատարափի ականատես լինենք, հատկապես նախկինների եւ նրանց «ապօրինի» հարստացման թեմաներով։ Չնայած այդ քրեական գործերն այլեւս հանրային գիտակցության վրա չեն ազդում:




















