top of page

Թուրքիայի հետ սահմանների բացման հարցում Գնդակը մեր դաշտում չէ․ Ռուբեն Ռուբինյան

  • 6 hours ago
  • 1 min read



Հայաստանի և Թուրքիայի միջև երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանների բացման հարցում մենք մեր կողմից արել ենք ամեն ինչ, վերականգնել ենք անցակետը։ Այս տարվանից Թուրքիան նույնպես սկսել է իր կողմից անցակետի վերականգնման աշխատանքները, մենք սպասում ենք պայմանավորվածությունների իրականացմանը, գնդակը մեր դաշտում չէ։ Այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

Նա կասկած է հայտնել, որ այս հարցը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հետ՝ դա անվանելով անտրամաբանական։ Ըստ նրա՝ Թուրքիայի հետ պայմանավորվածություն կա Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ, իսկ փաստաթղթային հարցերը գտնվում են լուծման փուլում։

Ռուբինյանը հայտնել է, որ չի մեկնի Անթալիայի դիվանագիտական ֆորումին՝ պարզաբանելով, որ Հայաստանի մասնակցելու կամ չմասնակելու վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի։

Նա ընդգծել է, որ կառավարական պատվիրակությունն ամեն տարի ապրիլի 24-ին այցելում է Ծիծեռնակաբերդ՝ ենթադրելով, որ այս տարի ևս կայցելի։ Միևնույն ժամանակ, պատգամավորը վերահաստատել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը չէ, ինչպես որ եղել է նաև մինչև 1998 թվականը։

1/3309
bottom of page