top of page

Աղքատության նվազումը պետական համակարգի աշխատանքի արդյունք է. Ավանեսյանը՝ ստացած բարձր պարգևավճարների մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 hours ago
  • 1 min read


Կառավարությունն այդ մասով հայտարարություն ներկայացրել է, ես էլ հայտարարագիր կներկայցնեմ, մանրամասն կհասկանաք. պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նա էլ է 9 մլն պարգևավճար ստացել՝ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ավանեսյանը զարմանք հայտնեց հարցի ձևակերպման առնչությամբ՝ նշելով, որ պետական համակարգի աշխատանքի վարձատրության վերաբերյալ նոր որոշումը վերաբերում է ամբողջ պետական համակարգին։

«Զարմանում եմ, որ այս հարցը տալիս եք։ Դուք կառավարության որոշումների արձանագրումների ժամանակ չե՞ք արձանագրել, որ պետական համակարգի աշխատանքի վարձատրության հետ կապված նոր որոշում է կայացվել, և սա վերաբերում է ամբողջ պետական համակարգին»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ այդ որոշմանը նախորդել են քննարկումներ պետական համակարգի աշխատակիցների հետ, քանի որ պետությունն ունի խնդիր՝ ներգրավել և պահպանել որակյալ մասնագետներին։

«Մենք խնդիր ունենք պետական համակարգում ներգրավելու մասնագետների և պահելու այն ռեսուրսը, ինչը օգնում է պետության զարգացմանը»,- ընդգծեց նախարարը։

Ավանեսյանը հիշեցրեց, որ 2017 թվականից մինչ այսօր ՀՀ բյուջեի աճը ենթադրում է կրկնակի, եռակի, քառակի աշխատանք, և այդ հանգամանքը պետք է արտացոլվի նաև պետական ծառայողների վարձատրության մեջ։

«Դուք բոլորդ ուզում եք, որ պետական համակարգը լավ աշխատի, լինեն արհեստավարժ աշխատակիցներ, և պետական համակարգը ստացել է համապատասխան փոխհատուցում»,-նշեց նա։

Նախարարը նաև անդրադարձավ աղքատության նվազման թեմային՝ շեշտելով պետական համակարգի դերը այդ գործընթացում։

«Աղքատության նվազման մասով պետական համակարգի աշխատանք է եղել, աղքատության ցուցանիշը իջել է, և մեր տնտեսվարողները, որոնք տնտեսության հենասյունն են, իրենց աճի պոտենցիալը ամբողջությամբ ապահովել են հենց պետական պաշտոնյաների աշխատանքի շնորհիվ»,- ասաց Ավանեսյանը։

Խոսելով իր ենթակայության տակ աշխատող բուժաշխատողների մասին՝ նա նշեց, որ կան բժիշկներ, որոնք մեկ ամսում ստանում են նման պարգևավճարներ։

«Իմ ենթակայության տակ աշխատող բժիշկներ ունենք, որոնք ստանում են այս պարգևավճարները մեկ ամսում։ Հիմա դա լավ է, շատ լավ է, արդար է։ Պոլիկլինիկական օղակի աշխատավարձն էլ բոնուսների համակարգով աճել է և հաջորդիվ էլ աճելու է»,– եզրափակեց առողջապահության նախարարը։

1/3109
bottom of page