top of page

Գործազուրկների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 300 հազար դրամ կվճարի

1 hour ago
2 min read

2027 թ.-ի հունվարի 1-ից զորացրված գործազուրկները, Ղարաբաղից տեղահանված անձինք և անապահով ընտանիքների աշխատունակ անդամները կարող են մասնակցել զբաղվածության ապահովման նոր ծրագրին։ Վաուչերով ուսուցում անցնելուց և աշխատանքի ընդունվելուց հետո շահառուն կստանա 100 000 դրամ, եթե աշխատանքային հարաբերությունները շարունակվեն 3 ամիս, և ևս 200 000 դրամ՝ 12 ամիս շարունակվելու դեպքում։


Ինչպես տեղեկացնում է  Iravaban.net-ը, ծրագիրը հաստատվել է կառավարության 2026 թ.-ի հոկտեմբերի 22-ի N 1524-Լ որոշմամբ։ Նույն որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվում նախկին երեք ծրագրերը, սակայն նոր կարգը չի տարածվում դրանցով մինչև 2027 թ.-ի հունվարի 1-ը կնքված պայմանագրերի վրա։


Ո՞վ կարող է մասնակցել ծրագրին


  • Գործազուրկի կարգավիճակ ունեցող անձինք, որոնց ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո չի անցել 2 տարի։

  • 2020 և 2023 թվականներին Ղարաբաղից տեղահանված անձինք, որոնք Հայաստանում զբաղված չեն։

  • Սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անդամները, եթե ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը ցածր է անապահովության նպաստի իրավունք տվող շեմի 130 տոկոսից։


Առաջին երկու խմբերի համար պարտադիր է նաև, որ վերջին երեք ամսում աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարում չլինի։ Բոլոր խմբերի համար՝ անձը երբևէ ընդգրկված չպետք է եղած լինի համապատասխան նախկին պետական ծրագրում։


Ինչպե՞ս է աշխատում ծրագիրը


Պետք է հաշվառվել e-work.am հարթակում և դիմել ծրագրում ընդգրկվելու համար։ Պայմաններին համապատասխանելու դեպքում հարթակում ինքնաշխատ ձևավորվում է մինչև 250 000 դրամ արժողությամբ վաուչեր, որը կարելի է օգտագործել մեկ անգամ՝ 6 ամսվա ընթացքում։ Դասընթացն ավարտելուց և վկայական ստանալուց հետո ծրագրով աշխատանքի եք ընդունվում վկայականում նշված մասնագիտությամբ՝ առնվազն 3 ամիս ժամկետով և, որպես կանոն, մեկ դրույքով աշխատանքային պայմանագրով։


Ե՞րբ է վճարվում գումարը


100 000 դրամը և 200 000 դրամը փոխանցվում են շահառուի բանկային հաշվին՝ մինչև աշխատանքային պայմանագրի գործողության համապատասխանաբար 3-րդ և 12-րդ ամիսները լրանալուն հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը։


Ե՞րբ կարող է աջակցությունը դադարեցվել


  • Գործատուի կամ շահառուի դիմումով։

  • Եթե ծրագրի շրջանակում կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է։

  • Եթե նախորդ ամսվա համար շահառուի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկը զրոյական է։

  • Շահառուի մահվան դեպքում։


Շահառուի նպատակային արձակուրդի ընթացքում ծրագիրը կասեցվում է և վերսկսվում է արձակուրդն ավարտվելուն հաջորդող օրվանից։



«Ամփոփելով՝ 2027 թ.-ի հունվարի 1-ից ծրագրի շահառուն վաուչերով ուսուցում անցնելուց և աշխատանքի ընդունվելուց հետո կարող է ստանալ ընդհանուր 300 000 դրամ, եթե նույն գործատուի մոտ աշխատի 12 ամիս», – տեղեկացնում է կայքը։

1/3700
bottom of page