Բժիշկը զգուշացրել է մազերի ներկի վտանգի մասին

Ալերգոլոգ Վլադիմիր Բոլիբոկի խոսքով՝ մազերի ներկը գլխամաշկին քսելը կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել։
RT-ին տված հարցազրույցում նա նշել է, որ մազերի կայուն ներկերի մեծ մասը պարունակում է պարաֆենիլենդիամին (PPD) կոչվող ալերգենը։
«Ըստ միջազգային ուսումնասիրությունների՝ PPD-ի նկատմամբ կոնտակտային ալերգիա է դիտվում բնակչության մոտավորապես 1%-ի մոտ, իսկ հատուկ հետազոտություններ անցնող պացիենտների շրջանում այդ ցուցանիշը հասնում է 4–6%-ի»,— հայտնել է փորձագետը։
Ալերգենի նկատմամբ ռեակցիաները կարող են տարբեր լինել՝ սկսած քորից մինչև կյանքին սպառնացող վիճակներ։
«Ամենատարածված ռեակցիան ալերգիկ կոնտակտային դերմատիտն է։ Սա այսպես կոչված՝ ուշացած տիպի ալերգիկ ռեակցիա է. ախտանիշները չեն ի հայտ գալիս անմիջապես, այլ ներկելուց 12–48 ժամ անց, իսկ երբեմն՝ նույնիսկ շաբաթներ անց»,— նշել է Բոլիբոկը։




















