top of page

Սփյուռքը բարեգործական աղբյուր չէ․ այն համահայկական տնտեսական ուժ է. Անանյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ree

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է.

«Տասնամյակներ շարունակ Հայաստան–Սփյուռք հարաբերությունները կառուցվել են հիմնականում բարեգործության տրամաբանությամբ։ Այս մոդելը կարևոր է եղել, բայց այն չի ստեղծել կառուցվածքային տնտեսական ազդեցություն և չի վերածվել երկարաժամկետ զարգացման գործոնի։

Այսօր անհրաժեշտ է որակապես նոր մոտեցում։

Սփյուռքը՝ որպես համահեղինակ, ոչ թե նվիրատու

«Միասնության Թևեր»-ի մոտեցմամբ Սփյուռքը դիտվում է ոչ թե որպես արտաքին օժանդակող, այլ համազգային զարգացման լիիրավ գործընկեր։ Սա նշանակում է միակողմանի օգնությունից անցում համահեղինակության, ներդրումային մասնակցության և համատեղ պատասխանատվության։

«Արտադրության տուն»՝ Սփյուռքի կապիտալը արտադրության մեջ

Ստեղծվելու է համագործակցության հարթակ, որտեղ Սփյուռքի գործարարները կարող են իրենց արտադրության մի մասը տեղափոխել կամ ընդլայնել Հայաստանում, գործել արդյունաբերական գոտիներում՝ պատրաստ ենթակառուցվածքով, արտահանման հասանելիությամբ և գրեթե զրոյական հարկային բեռով ու պարզեցված վարչարարությամբ։

Սա կապիտալի, տեխնոլոգիայի և մարդկային ռեսուրսի իրական միավորում է, ոչ սիմվոլիկ մասնակցություն։

Բաժնեմասնակցություն՝ վստահության հիմքով

Սփյուռքի ներգրավումը պետք է իրականացվի նաև բաժնեմասնակցության գորիքի միջոցով, ոչ միայն դրամաշնորհներով։ Սա ենթադրում է բաց ռեգիստրներ, ֆինանսական թափանցիկություն և պայմանագրային հստակություն։ Այս սկզբունքներով ձևավորվում է միջավայր, որտեղ սփյուռքի մեր հայրենակից ներդրողը դառնում է համասեփականատեր և շահագրգիռ կողմ։

Մշակույթ, կրթություն և գիտություն՝ ոչ որպես ծախս, այլ ներդրում

Սփյուռքի մասնակցությունը պետք է տարածվի նաև համալսարանների, հետազոտական կենտրոնների, լաբորատորիաների, ինչպես նաև մշակութային և կրթական ծրագրերի վրա։ Սա միաժամանակ ամրապնդում է գիտական ներուժը՝ զարգացնում մարդկային կապիտալը և պահպանում ազգային ինքնությունը։

Միասնական համակարգ, ոչ առանձին նախաձեռնություններ

«Արտադրության տունը», «Բաժնեմասնակցային հարթակը» և «Մշակույթի հենասյունը» միասին ձևավորում են համահայկական տնտեսական համակարգ։

Սփյուռքը դառնում է ոչ թե դրսից նայող, այլ ներսից կառուցող ուժ։ Հայաստանը դառնում է Սփյուռքի գլոբալ համայնքի տնտեսական կենտրոնը։

«Միասնության Թևեր»-ի վեցերորդ հենասյունը սա է։ Սփյուռքը Հայաստանի զարգացման մաս է, ոչ թե հավելում։ Զարգացումը պետք է լինի համահայկական նախագծված և համատեղ իրականացված»։

1/3067
bottom of page