top of page

Ինչպե՞ս են գոյացել պատգամավորների ստացած մոտ 3-ական միլիոնները

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 2 min read

ree

«Գումար նստեց, երկու անգամ է նստել, ճիշտն ասած, մի քիչ տարօրինակ թվեր են, դրա համար, չգիտեմ՝ ինչ տրամաբանությամբ են էդ թվերը, բայց գումարային դեկտեմբեր ամսին երկուսը իրար հետ շուրջ 3 միլիոն դրամի մասին է խոսքը». - ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը 2021-ից է Ազգային ժողովի պատգամավոր, ամեն տարի, ասում է, այսպես կոչված 13-րդ աշխատավարձ ստացել են, բայց աշխատավարձը հինգ անգամ գերազանցող 3 միլիոնին մոտ գումար, պնդում էր՝ չի եղել: Գրում է Ազատությունը։

Երբ այդքան մեծ գումար են տեսել հաշվեհամարներին, իրենց խմբակցությունից եղել են պատգամավորներ, որ ԱԺ քարտուղարությունից փորձել են ճշտել՝ ի՞նչ փող է դա, ասել են՝ բյուջեի խնայողություններն են վերաբաշխվել և ուղղվել պատգամավորներին:

«Մեր մոտ անգամ պատգամավոր է եղել, որ զանգել է բանկ, ասել է՝ «տարօրինակ գումար է, փոխանցում է, կսպասեք, բան չանեք, էլի, ինչ-որ միջոցներ ձեռք չառնեք, մի հատ հասկանամ ինչ գումար է դա», - պատմեց Քրիստինե Վարդանյանը:

«Թոշակառուների թոշակը ամսական 11 հազար դրամով կամ 10 հազար 400 դրամով ավելացնենք՝ ի՞նչ է անելու թոշակառուն», - հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի իշխանությունն այս տարի էլ թոշակները չավելացրեց, չբարձրացրեց նվազագույն աշխատավարձը, աղքատության, գործազրկության մակարդակը խոստացածի չափ չնվազեցրեց, բայց Ալեն Սիմոնյանը մի քանի ամսից լիազորություններն ավարտող խորհրդարանին որոշեց այս տարի երկու անգամ պարգևատրել: Գումարը հատկացվել է թե՛ պատգամավորներին, թե՛ խորհրդարանի պետական ծառայողներին և աշխատողներին՝ մի դեպքում՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առիթով, խրախուսման մյուս կարգադրության հիմքում պարգևատրումների նպատակով բյուջետային վերաբաշխման մասին Կառավարության որոշումն է:

Ըստ տարեվերջի այդ որոշման՝ ԱԺ-ին պարգևատրումներ-խրախուսումների համար ավելի քան 545 միլիոն դրամ է հատկացվել:

Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք՝ 2024-ի դեկտեմբերին պատգամավորները մեկ անգամ են ստացել պարգևատրում: 8-րդ գումարման Ազգային ժողովի պատմության մեջ, ըստ հրապարակված փաստաթղթերի, մեկ էլ 2023-ն է պատգամավորների համար եղել այդքան առատ, մյուս տարիներին Ամանորից առաջ պարգևատրում մեկ անգամ են ստացել:

Թե ԱԺ-ում բաժանված պարգևատրումների վրա ինչքան գումար է ծախսվել, խորհրդարանից հրաժարվում են հրապարակել, չնայած, օրինակ, 2022-ին Անկախության տոնի առիթով տրված պարգևավճարների գումարը բացահայտել էին:

Ընդդիմադիր պատգամավորի հրապարակած այսօրվա թիվը՝ մոտ 3 միլիոն դրամը եթե բազմապատկում ենք պատգամավորների թվով՝ 107-ով, ստացվում է, որ տարեվերջին մոտ 300 միլիոն դրամ կամ 800 հազար դոլար միայն օրենսդիրներն են ստացել:

ԱԺ նախագահի կարգադրության մեջ բացակայում են հավելվածները:

«Ազատություն»-ը խորհրդարանի խոսնակին հարցմամբ խնդրել էր տրամադրել հավելվածները, որոնց ծանոթանալով պարզ կդառնար նաև՝ պարգևատրումներին ուղղված ողջ գումարն ինչքա՞ն է կազմել, ի՞նչ դրույքաչափով են հաշվարկվել՝ աշխատավարձի չափո՞վ, դրանից ավելի՞, թե՞՝ պակաս, քանի որ պատգամավորներից բացի աշխատակիցները ևս դրամական կրկնակի խրախուսանքներ են ստացել: Իսկ խորհրդարանի աշխատակազմը, տարբեր հրապարակումների համաձայն, մի քանի հարյուր հոգուց է բաղկացած:

1/3066
bottom of page