ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
- Lilit

- 3 hours ago
- 1 min read

«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
ԱԳՆ–ն պարզաբանել է, որ Հայաստանը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրավական շրջանակի ու կարգավորումների շուրջ ինտենսիվ բանակցություններ է վարում ԱՄՆ գործընկերների հետ։
««TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք»,– հայտնել է գերատեսչությունը:
Հավելենք՝ Հայաստանը «Թրամփի ուղի» նախագծի իրականացումը համարում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության բաղկացուցիչ մաս, որը լիովին համադրելի է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ենթակառուցվածքային խոշոր՝ ներառյալ Միջին միջանցքի, Պարսից ծոց-Սև ծով ծրագրերի հետ:




















