ԱՄՆ Կոնգրեսը պահանջել է Իլոն Մասկից Թայվանում գտնվող զինվորականներին Starshield արբանյակային ցանց տրամադրել

Ամերիկացի միլիարդատեր, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը ճնշման է ենթարկվում, որով պարտադրվում է SpaceX-ի Starshield արբանյակային ցանցը տրամադրել Թայվանում ԱՄՆ պաշտպանության անձնակազմին, գրում է Forbes-ը։
Հանրապետական կոնգրեսական Մայք Գալահերը Մասկին ուղղված նամակում նշել է, որ SpaceX-ը ԱՄՆ պաշտպանության նախարարությանը արբանյակային կապի ծառայություն տրամադրելու պայմանագրային պարտավորություն ունի։
Պարբերականն ընդգծում է, որ Մասկին ուղղված կոչերում ներգրավված է եղել «ամերիկացի օրենսդիրների խումբը»։
Իր նամակում Գալահերը, որը Չինաստանի Կոմունիստական կուսակցության հարցով Ներկայացուցիչների պալատի հատուկ հանձնաժողովի նախագահն է, հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունը «տասնյակ միլիոնավոր դոլարներ» է հատկացնում Starshield-ին, որը մշակվել է կառավարության օգտագործման համար և երկրամերձ ցածր ուղեծրային արբանյակներն օգտագործում է զինվորական գերատեսչություններին պատկերներ փոխանցելու համար։
Կոնգրեսականը բարձրացնում է նաև «Թայվանի նկատմամբ չինական պոտենցիալ ագրեսիայի» հարցը՝ ընդգծելով տարածաշրջանում ԱՄՆ-ի անձնակազմի անվտանգության ապահովման կարևորությունը։
Նա նաև կոչ է արել Մասկին մինչև մարտի 8-ը ընտրյալ հանձնաժողովին տեղեկացնել Թայվանում Starshield-ի հնարավորությունների մասին, հայտնում է Forbes-ը:
Starshield արբանյակները, որոնք հատուկ նախագծված են ազգային անվտանգության համար, ապահովում են Համացանցի անհրաժեշտ հասանելիությունը առանձին վայրերում, աղետից տուժած գոտիներում կամ ռազմական գործողությունների կետերում և վճռորոշ դեր են ստացել ներխուժած ռուսաստանյան ուժերի դեմ Ուկրաինայի պայքարում:




















