Վիրավորանքներ ու սպառնալիքներ՝ կանանց գումարտակում․ զինծառայողներն ահազանգում են․ «Ինֆոքոմ»

Կանանց գումարտակի բարձրաստիճան սպան պարբերաբար անհարգալից վերաբերմունք է դրսևորում զինծառայողների նկատմամբ՝ նսեմացնելով նրանց պատիվն ու արժանապատվությունը։ Այս մասին «Ինֆոքոմին» պատմել են զինծառայողները, որոնք մի քանի անգամ արձանագրել են նման դրսեւորումներ և այժմ ցանկանում են հանրայնացնել խնդիրը՝ հետագայում նման միջադեպերը բացառելու նպատակով։
Ծառայողներից մեկը (խոստացել են չբացահայտել անձը) կայքին պատմել է, որ պաշտոնական ժողովի ընթացքում, երբ գումարտակի սպաներից մեկը փորձել է բարձրաձայնել ծառայողական կարգապահության եւ սպայի ու զինծառայողի միջեւ ենթակայության երկակի ստանդարտների մասին, ժողովը նախագահող բարձրաստիճան սպան սկսել է հնչեցնել ենթակաների արժանապատվությունը նվաստացնող ծանր վիրավորանքներ՝ շարքային ծառայողին անվանելով «դիշովկա»:
Ըստ մեր զրուցակիցներից մեկի՝ այն բանից հետո, երբ սպան կոչ է արել հարգել զինվորական էթիկայի կանոններն ու սահմանները, բարձրաստիճան սպան արձագանքել է վիրավորական արտահայտություններով՝ ասելով՝ «բերանդ փակի, այ խոզ, կթքեմ վրեդ», ապա անցել է նաեւ ֆիզիկական ներգործության՝ հեռախոսը նետելով ենթակա սպայի ուղղությամբ, հետո էլ այլոց ներկայությամբ նրան անվանել «պղծի ծնունդ»։
Զրուցակիցները հիշում են դեպքեր, երբ այլ ծառայողների նկատմամբ բարձրաստիճան սպայի անհարգալից վերաբերմունքը հասցրել է հոգեբանական ընկճվածության, երբեմն նաեւ ֆիզիկական թուլության։
Զինծառայողներն այն կարծիքին են, որ բարձրաստիճան սպան տևական ժամանակ է՝ իր իշխանությունը պահում է բացառապես անձնակազմին վախի մեջ պահելու եւ հոգեբանորեն ահաբեկելու միջոցով։
«Նման սպաների կամայականությունների պատճառով են զինված ուժերում եւ ուժային կառույցներում տեղի ունենում ամենաողբերգական ելքերով դեպքերը, այդ թվում՝ ինքնասպանության եւ ինքնավնասման»,- նշել է զրուցակիցը:
Ինչպես կայքին պատմել են զինծառայողները, նախարարությունում տեղյակ են ենթականերին պարբերաբար ծաղրելու եւ նվաստացնելու շարունակական դրսեւորումների մասին, սակայն անգործություն են ցուցաբերում՝ աչք փակելով անօրինականությունների վրա, քանի որ բարձրաստիճան սպան չի ստանում օրենքով սահմանված որեւէ պատիժ։
«Իր անպատժելիության բացարձակ գիտակցումից ելնելով՝ նա ծառայողների ներկայությամբ թույլ է տալիս իրեն հոխորտալ. «Ուզում եք՝ Թրամփին զանգեք»»,- պատմել է մյուս զինծառայողը:
Միաժամանակ, ըստ կայքի փոխանցած տեղեկությունների, ժողովի ժամանակ տեղի ունեցածից հետո բարձրաստիճան սպան ինքն է դիմել բարոյահոգեբանական ապահովման վարչություն, որտեղ միջադեպի հանգամանքներն ուսումնասիրելուց հետո որոշել են, որ պետք է պատժեն ենթակա սպային՝ նրան մեկ տարով զրկելով կոչումի բարձրացման հնարավորությունից եւ ատեստավորման առավելություններից։ Այս տույժի մասին ենթակա սպան իմացել է պատահաբար․ նրան ըստ կարգի չեն ծանուցել այդ մասին։ Նույն գործընթացին զուգահեռ՝ վերջինս միջադեպի մասին որոշել է տեղեկացնել բարձրաստիճան սպայի վերադասին՝ համապատասխան վարչություն, որտեղ, սակայն, թեեւ կոնֆլիկտի կողմերին հրավիրել են զրույցի, որոշել են քայլեր չձեռնարկել եւ առաջարկել են միջադեպը հարթել երկխոսության միջոցով։
Ենթակա սպան նամակ է ուղարկել նաեւ պաշտպանության նախարարին։ 2 օր առաջ՝ սեպտեմբերի 22-ին, նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գումարտակ։
Ըստ ՊՆ հաղորդագրության՝ «նախարարը հետեւել է ծառայության կազմակերպմանը եւ առանձնազրույցներ ունեցել զինծառայողների հետ»:
Զինծառայողները, որոնց հետ զրուցել է կայքը, հայտնել են, որ նախարարը տեղեկացվել է բարձրաստիճան սպայի կրկնվող ամենաթողությունների մասին։ Ըստ նրանց՝ նախարարն ասել է, որ քայլեր կձեռնարկվեն։ Մինչդեռ, այս խոստմանը զուգահեռ, զրուցակիցներից մեկը նկատում է, որ ինքը գումարտակում տիրող իրավիճակի մասին բազմիցս ահազանգել է ՊՆ թեժ գծին, սակայն այդ զանգերն այդպես էլ անարձագանք են մնացել։
Զինծառայողները մտավախություն ունեն, որ գործը կարող է ներքին կարգով փակվել, իսկ խնդիրը՝ չլուծվել։ Այս մտահոգության առիթներից մեկն էլ, օրինակ, այն է, որ լսարանում, որտեղ եղել է միջադեպը, եղել են տեսախցիկներ, բայց, իրենք ունեն տեղեկություն, որ այդ օրվա տեսագրությունը ջնջված է։
Իրավապահ մարմիններին պաշտոնական հաղորդում է ներկայացվել բարձրաստիճան սպայի կողմից իրականացված բանավոր եւ ֆիզիկական ներգործության, հոգեբանական ճնշման դեպքերի վերաբերյալ, ինչի կապակցությամբ Ռազմական ոստիկանությունը զրուցել է զինծառայողների հետ։
Կայքը փորձել է մեկնաբանություն ստանալ իրավասու պետական մարմիններից․ մասնավորապես, պարզաբանում խնդրեցինք ՀՀ ՊՆ խոսնակից՝ այդ թվում ճշտելու՝ արդյոք քրեական վարույթ նախաձեռնվել է, թե ոչ։
Նա առաջարկել է գրավոր հարցում ուղարկել, որպեսզի «համապատասխան ստորաբաժանումներից ճշգրտեն իսկությունը եւ արձագանքեն»։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից պարզաբանման մեր խնդրանքին արձագանքեցին, որ կպատասխանեն հնարավորինս շուտ, իսկ ավելի ուշ տեղեկացրին, որ հանդես կգան հրապարակային հայտարարությամբ։
Հիշեցնենք՝ ՄԻՊ գրասենյակը հայտարարել էր, որ Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է։




















