top of page

Ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի, չենք կարողանում այս հարցում դրական ազդակ ստանալ Ադրբեջանից․ ԱԳ նախարար

Mar 7, 2024
2 min read

Մենք շարունակում ենք բանակցություններն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ և շարունակում ենք այս գործընթացն ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունն ամրապնդելու համար։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին։

Նշելով, որ կողմերի միջև խնդիրներից մի քանիսի շուրջ հաջողել է պայմանավորվածություններ ձեռք բերել՝ Միրզոյանը շեշտել է, որ երկու կարևոր հարցերի շուրջ կողմերը տարբեր մոտեցումներ ունեն։

«Այս խնդիրներից առաջինը վերաբերում է երկու երկրների սահմանազատման սկզբունքներին, իսկ մյուսը՝ տարածաշրջանային հաղորդակցություններին ու փոխկապակցվածությանը»,- ասել է արտգործնախարարը:

Միրզոյանը շեշտել է, որ կողմերն առաջին հերթին պետք է վերահաստատեն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հավելելով, որ Հայաստանը պնդում է, որ սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա 1991թ. ստորագրված Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն:

«Ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի։ Երևանը ցանկանում է, որ այս հռչակագիրը ներառվի խաղաղության պայմանագրի նախագծում։ Այս հարցում Հայաստանը չի կարողանում դրական արձագանք ստանալ Ադրբեջանից»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Արարատ Միրզոյանն, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը որոշվել է նախարարների առաջիկա հանդիպման ժամկետը, նշել է,  որ առաջիկա հանդիպման ժամկետը հայտնի չէ: Արարատ Միրզոյանը հայտնել է, որ իրենք մշտական կապի մեջ են Ջեյհուն Բայրամովի հետ՝ հավելելով, որ հույս ունեն շուտով հստակեցնել նոր հանդիպման ժամկետները։

«Ներկայում իրապես խաղաղության հնարավորություն ունենք»,- շեշտել է նա։

Ի պատասխան այն հարցին, թե ինչ հնարավորություններ կտա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը երկու երկրներին և տարածաշրջանին՝ Արարատ Միրզոյանն արձագանքել է՝ խաղաղության օգուտների մասին խոսելը փոքր-ինչ անիմաստ է, քանի որ խաղաղության օգուտներն ինքնին պարզ են, և դա անվիճելի թեմա է:

«Կարծում եմ, որ մեր ժողովուրդները խաղաղության կարիք ունեն: Ինչպես աշխարհի մյուս ժողովուրդները, մեր ժողովուրդները ևս արժանի են խաղաղության, և մեզանից ոչ ոք դատապարտված չէ մշտական թշնամանքի: Այժմ մենք իսկապես խաղաղության հնարավորություն ունենք»,- նշել է Միրզոյանը:

1/3640
bottom of page