Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել «NEWS.am»

Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների հետ բախման ժամանակ ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել, մի քանի բնակիչ մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Կիրանցի բնակիչներից մեկը։
Տուժածները թեթև մարմնական վնասվածքներ են ստացել և չեն հոսպիտալացվել։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը: Առանց պետհամարանիշի մեքենայի համար ճանապարհ բացելու համար սեւբերետավորները սկսեցին ուժ գործադրել հավաքվածների նկատմամբ, այդ թվում կանանց:Բագրատ Սրբազանը հայտնեց, որ մեքենայում գտնված անձինք բախման ժամանակ դուրս են եկել մեքենայից և հեռացել, և ճանապարհը փակելն այլևս անիմաստ է: Տավուշի թեմի առաջնորդը խորհուրդ տվեց քաղաքացիներին բացել ճանապարհը և թույլ տալ դատարկ մեքենաներին հեռանալ:Ավելի վաղ հայտնել էինք, որ տավուշցիները շրջափակել էին ճանապարհով անցնել ցանկացող մեքենաներից մեկը, և պահանջում էին մեքենայի մեջ գտնվող անձանց՝ դուրս գալ: Նրանք ասում էին, որ իրենց տեղեկություններով, այդ մեքենայի մեջ քարտեզագրման աշխատանքներ իրականացնողներն են:




















