top of page

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառը․ «Փաստինֆո»

9 minutes ago
1 min read


Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում 6 երեխայի ինքնազգացողությունը վատացել է, սակայն այժմ նրանց վիճակը լավ է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Այգեստանի վարչական ղեկավար Արգիշտի Վարդանյանը։



Դեպքը տեղի է ունեցել երեկ` սեպտեմբերի 25-ին` դասերի ժամանակ։ Երեխաների ինքնազգացողությունը վատանալուց հետո դպրոցից շտապօգնություն են կանչել։



Աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նախնական զննություն են անցել։ Դրանից հետո նրանք վերադարձել են դպրոց և շարունակել մասնակցել դասերին։



Արգիշտի Վարդանյանի խոսքով՝ դեպքը կապված է եղել շոգ եղանակի հետ։



«Շոգի պատճառով երեխաների մոտ շնչառական քաղց է առաջացել, ինչը կարող է պատահել յուրաքանչյուրի հետ։ Ոչ մի լուրջ բան չի եղել»,- «Փաստինֆո»-ին ասել է նա։



Վարչական ղեկավարը նշել է, որ շտապօգնության ահազանգից հետո ինքն անմիջապես եղել է դպրոցում։ Նրա խոսքով՝ առաջին օգնությունը երեխաներին ցուցաբերել են բնակավայրի բուժաշխատողները, և մինչև շտապօգնության մեքենայի ժամանելը նրանց վիճակն արդեն կայունացել էր։



Վարդանյանը նաև վստահեցրել է, որ դպրոցում խմելու ջրի կամ ճաշարանի հետ կապված խնդիրներ չկան։



Նրա խոսքով՝ դպրոցը նոր է վերակառուցվել և համապատասխան պայմաններով ապահովված է։



«Փառք Աստծո, լուրջ ոչինչ չկա»,- նշել է Այգեստանի վարչական ղեկավարը։

1/3642
bottom of page