Թուրքիայից Ադրբեջանի դեմ տեղեկատվական արշավ է իրականացվում․ Միլի մեջլիս

Ադրբեջանի խորհրդարանում հայտարարել են, որ վերջին օրերին Թուրքիայի տարածքից սոցիալական ցանցերի միջոցով Ադրբեջանի դեմ համակարգված տեղեկատվական արշավ է իրականացվում։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի Միլի մեջլիսի Արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման ժամանակավոր հանձնաժողովը։
Հանձնաժողովի պնդմամբ՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արշավն իրականացվում է որոշակի կենտրոնների կողմից։ Ըստ ադրբեջանական կողմի՝ դրա նպատակներից է վնասել Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններին, մոլորեցնել հասարակությանը, անվստահություն առաջացնել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ և հասարակության ներսում բևեռացում ստեղծել։
Հանձնաժողովը պնդում է, որ տեղեկատվական արշավն իրականացվում է համակարգված՝ սոցիալական ցանցերում իրական և կեղծ հաշիվների, ինչպես նաև թիրախավորված գովազդների միջոցով։
«Ադրբեջանում և Թուրքիայում որոշ մարդիկ ևս աջակցում են այս նենգ արշավին»,- ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ արշավին մասնակցող անձանց վերաբերյալ հավաքված տեղեկությունները կփոխանցվեն Ադրբեջանի համապատասխան պետական մարմիններին։
Միաժամանակ հանձնաժողովը Թուրքիայում բնակվող Ադրբեջանի քաղաքացիներին կոչ է արել զգուշություն ցուցաբերել և չվստահել կեղծ տեղեկություններին։




















