Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն դե ֆակտո խաղաղություն է հաստատվել. Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել։ Այս մասին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը, Բայրամովը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի և վերջին զարգացումների մասին։
Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովից հետո խաղաղության օրակարգը սկսել է ոչ միայն քաղաքական, այլև կոնկրետ տնտեսական արդյունքներ տալ։
Որպես օրինակ՝ Բայրամովը մատնանշել է տարանցիկ սահմանափակումների միակողմանի վերացումը։ Նա նաև հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև որոշ ոլորտներում արդեն մեկնարկել է երկկողմ առևտուրը։
Բայրամովի գնահատմամբ՝ այս զարգացումները ցույց են տալիս, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գործնական փուլ է մտնում։
Միևնույն ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ։
Նա կարևորել է այդ խոչընդոտների վերացումը՝ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման համար։




















