Հալեպում փակվել են դպրոցներն ու պետական հաստատությունները. սիրիական զորքերի և քրդերի միջև բախումները շարունակվում են
- Lilit

- 1 day ago
- 1 min read

Չորեքշաբթի օրը Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքում դպրոցներն ու պետական հիմնարկները փակվել են, քանի որ կառավարական զորքերի և քրդերի գլխավորած ուժերի միջև երկու օր շարունակ ընդհատվող բախումներ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
Երեքշաբթի օրը տեղի ունեցած բախումները, որոնց հետևանքով զոհվել է ինը մարդ, ամենակատաղին են եղել երկու կողմերի միջև, որոնք մինչ օրս չեն կարողացել կատարել մարտյան համաձայնագիրը՝ կապված կիսաինքնավար վարչակազմի և քրդական զինված ուժերի՝ Սիրիայի նոր կառավարության հետ միաձուլման հետ։
«Գիշերը Հալեպը նման էր «ուրվական քաղաքի». ոչ մի շարժում չկար, խանութները փակ էին, իսկ շատ փողոցներում էլեկտրականություն չկար», — AFP-ին պատմել է 50-ամյա Աբդուլ Քարիմ Բաքին։ Բաքին,ով ապրում է Հալեպի այն երկու թաղամասերից մեկում, որտեղ բնակվում են հիմնականում քրդեր,փախել է մարտական գործողություններից և ապաստան գտել ազգականի տանը։
Սիրիական պետական Sana լրատվական գործակալությունը չորեքշաբթի օրը հայտնել է կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջաններում քրդական թաղամասերի գնդակոծության մասին՝ հավելելով, որ սիրիական զորքերը պատասխան կրակ են բացել:
Դամասկոսում քրդերի ինքնավար վարչակազմի ներկայացուցիչ Աբդուլ Քարիմ Օմարը AFP գործակալությանը հայտնել է, որ «ջանքեր են գործադրվում դեէսկալացիայի ուղղությամբ»: Օմարը տեղեկացրել է, որ Հալեպի քրդաբնակ Աշրաֆիա և Շեյխ Մաքսուդ թաղամասերը «լիովին պաշարված են» և հերքել է, որ այդ շրջաններից որևէ արկ է արձակվել՝ պնդելով, որ դրանք վերահսկվում են քրդական ներքին անվտանգության «Ասայիշ» ուժերի կողմից, «որոնք ունեն միայն թեթև սպառազինություն»:
53-ամյա տնային տնտեսուհի Ջուդ Սերժյանը, ով բնակվում է սիրիական թաղամասում, ասել է, որ բռնությունը «մեզ հիշեցրել է պատերազմի մասին»: Աշրաֆիայի հարևանությամբ գտնվող սիրիական թաղամասում ապրող Սերժյանն ասել է. «Մենք այլևս գնալու տեղ չունենք, ուստի կմնանք մեր տանը»:




















