top of page

Ինչքան ուզում ես «тренажер»-ի վրա պարապի, չես իմանա իրական կյանքում հեծանիվ քշել գիտե՞ս, թե՞ ոչ. առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն էլ է այդպես. ընկնելու ենք անխուսափելիորեն. Փաշինյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 day ago
  • 2 min read



Հիմա՝ ինչպես մնացած բոլոր դեպքերում, կա մեկ քննադատություն. ավելի լավ նախապատրաստվեիք՝ նոր անեիք: Ես երկար մտածել եմ այս թեմայի մասին և ուզում եմ քննարկվող թեմայի՝ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հետ առաջին հայացքից կապ չունեցող մի պատմություն պատմել: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ես հեծանիվ եմ վարում: Կա հեծանիվ կոնտակտային կոշիկներով, այն ոտնակի հատուկ կոշիկ է, որ ամրանում է իրար: Պարզ է՝ սովորական կոշիկներով վարելուց հետո այդ կոշիկներով վարելը բարդ է, բայց ավելի սահուն և հաճելի է հեծանիվ վարելը: Ես որոշեցի, որ բավարար ստաժ ունեմ, և կարող եմ արդեն կոնտակտային կոշիկներով վարել հեծանիվը, բայց նաև հասկանում էի, որ պետք է սովորել»,-նշեց Փաշինյանը:

Նա մանրամասնեց, որ կեցավայրում սկսել է վարել, որովհետև այդ կոշիկները հանելու, տեղադրելու հատուկ ձևեր ունի, վարժություններ կան: 

«Մեկ ամիս, ամիսուկես պարապեցի, որից հետո շատ սահուն ես դա անում էի: Նաև ինչի համար էի դա անում, ասում էի՝ դե, մարդկանց հետ վարում եմ, նենց չլինի՝ ընկնեմ, այնուամենայնիվ վարչապետ եմ: Մեկ ամսից ավել պարապել եմ, հետո սկսել եմ իրական կյանքում կոնկտակտային կոշիկներով վարել, բայց ես տասնյակ անգամներ ընկել եմ, և տասնյակ անգամներ ընկնելուց է, որ սովորել եմ»,-մանրամասնեց Փաշինյանը: 

Նա ասաց, որ մարզասահքն ու կյանքը տարբեր բաներ են, որովհետև մարզասահքի ժամանակ կողքովդ մեքենա, դիմացովդ կատու չի անցնում, վերևովդ թռչուն չի թռնում, լուսացույցը գույնը չի փոխում, քամին չի փչում, արևը չի ծագում, պատուհանից մեկը չի գոռում և այլն:

«Թվում է, թե թեմայի հետ սա կապ չունեցող բան է, բայց նույնն է, ինչքան ուզում ես «тренажер»-ի վրա պարապի, մինչև կյանքին չհանդիպես՝ չես կարողանալու գնահատել՝ հեծանիվ քշել գիտե՞ս, թե՞ ոչ, դու գիտե՞ս ինչ-որ գործողություն իրական կյանքում անել, թե՞ ոչ:

Հետևաբար, այո՛, Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն այն բանն է, որ մենք «тренажер»-ի վրա պարապել ենք, ասել՝ չէ, ոնց որ պատրաստ չենք, էլի ենք պարապել, քանի անգամ հետաձգել ենք, դուրս ենք եկել կյանք: Հիմա ընկնելու ենք անխուսափելիորեն, պետք է ուշադիր լինենք՝ ընկնելիս ջարդուփշուր չլինենք, բայց պետք է ընկնենք, նորից վերկենանք, շարունակենք, դա է ճանապարհը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը: 

1/3095
bottom of page