Ե՞րբ կկայանա Պուտին-Թրամփ հանդիպումը
- Lilit
- 54 minutes ago
- 1 min read
Կրեմլը համարում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը պահանջված է, բայց այն պետք է լրջորեն նախապատրաստվի, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, մենք այն կարծիքին ենք, որ հանդիպումը շատ առումներով անհրաժեշտ է, այն պետք է ըստ պատշաճի նախապտրաստվի, իսկ դա լուրջ ջանքեր է ենթադրում, ենթադրում է նաև Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումների շարունակականություն»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ աշխատանքներ տարվում են Պուտին-Թրամփ հանդիպման կազմակերպման ուղղությամբ, սակայն հստակ ժամկետներ ինքն առայժմ հայտնել չի կարող։
Պեսկովն այդ մասին ասել է՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե տեղի կունենա՞ արդյոք Պուտին-Թրամփ հանդիպում մայիսին՝ Սաուդյան Արաբիայում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտարարել, որ «մտածում է» Սաուդյան Արաբիայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հնարավորության մասին (մայիսի կեսին Թրամփը պլանավորում է այցելել Սաուդյան Արաբիա-խմբ․)։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակն այս առնչությամբ պարզաբանել է, որ Վլադիմիր Պուտինի աշխատանքային գրաֆիկում Մերձավոր Արևելք այցեր մոտ ժամանակներում նախատեսված չեն։