Այնթապում տեղի ունեցած վթարից տուժած 14–ամյա անչափահասը հիվանդանոցում մահացել է
Oct 4
1 min read

Արարատի մարզի Այնթապ գյուղում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա Միլենա Սողոյանը հիվանդանոցում մահացել է։ Տեղեկությունը տարածել է Այնթապի թիվ մեկ դպրոցի սոցիալական ցանցի էջը։
«Խոր վշտով տեղեկացանք մեր դպրոցի սիրելի սան Միլենա Սողոյանի անժամանակ մահվան մասին։ Նրա բացակայությունը մեծ ցավ ու դատարկություն կթողնի դասընկերների, ուսուցիչների և բոլոր նրանց սրտերում, ովքեր ճանաչել են նրան»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 20։15-ի սահմաններում Այնթապ գյուղի 10֊րդ փողոցում, «Արամե» մարկետի դիմաց բախվել էին «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան և 14–ամյա աղջկա վարած մոպեդը։
Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել էր, իսկ աղջիկը նախ տեղափոխվել էր «Էրեբունի», ապա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։




















