top of page

Օբաման սուր ծաղրի է ենթարկել Թրամփին

1 hour ago
1 min read

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ծաղրել է Դոնալդ Թրամփի վերանորոգման նախագծերը Վաշինգտոնում՝ հայտարարելով, որ պետության ներկայիս ղեկավարը ավելի շատ տարված է Սպիտակ տան վերակառուցմամբ, քան ամերիկացիներին հուզող խնդիրներով։ Այդ մասին Օբաման ասել է Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում անցկացված նախընտրական միջոցառման ժամանակ, որտեղ աջակցել է Դեմոկրատական կուսակցության թեկնածուներ Էմի Էքթոնին և Շերրոդ Բրաունին, գրում է The Hill-ը։


«Թվում է՝ նա շատ է տարված տան վերանորոգմամբ։ Նրան կսազեր HGTV-ով հաղորդում վարել»,- կատակել է Օբաման՝ նկատի ունենալով ամերիկյան այն հեռուստաալիքը, որը նվիրված է բնակարանների վերանորոգմանն ու կահավորմանը։ Նա նաև քննադատել է Սպիտակ տանը իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքները, որոնց արժեքը, ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, գերազանցում է 900 միլիոն դոլարը։


«Ինչի՞ համար է այս ոսկին։ Սպիտակ տունն այժմ այնպիսի տեսք ունի, կարծես Սադամ Հուսեյնն այնտեղ The Cheesecake Factory ռեստորան է բացել»,- հայտարարել է նախկին նախագահը։


Սա առաջին դեպքը չէ, երբ Օբաման ծաղրով է խոսում նախագահական նստավայրի թարմացման մասին։ Ավելի վաղ նա արդեն քննադատել էր Սպիտակ տան ինտերիերների ոսկեգույն ձևավորումը HBO Max հարթակում Լարի Դեյվիդի շոուին մասնակցելու ընթացքում։


Նախկին նախագահի քննադատությունից անմասն չեն մնացել նաև Թրամփի մյուս նախագծերը։ Օբաման հիշեցրել է հանրապետականի 2016 թվականի նախընտրական «չորացնել ճահիճը» կարգախոսը, որով նա խոստանում էր փոխել Վաշինգտոնի քաղաքական վերնախավը, և դա կապել է Լինքոլնի հուշահամալիրի մոտ գտնվող արտացոլող ավազանի վերանորոգման հետ։


Ավազանի վերակառուցումից հետո ջրում նկատել են կանաչ ջրիմուռներ, իսկ ամերիկյան դրոշի գույնի նոր ներկը սկսել է շերտավորվել։ Նախագիծն ուղեկցվել է նաև դատական վեճով՝ օբյեկտին վնաս պատճառելու մեղադրանքների ֆոնին։ 


«Հիշո՞ւմ եք այդ ամբողջ պատմությունը, թե ինչպես պետք է չորացնել ճահիճը։ Միակ բանը, որ իսկապես չորացրին, Ազգային մոլում գտնվող արտացոլող ավազանն էր՝ այն բանից հետո, երբ այն փչացրին ինչ-որ պայմանագրի շրջանակում, որը տրվել էր առանց մրցույթի»,- ասել է Օբաման։

1/3701
bottom of page