top of page

Ո՞րն է զորամասերում սպանությունների աճի պատճառը․ պարզաբանում է ռազմական փորձագետը

Nov 20, 2022
1 min read


Բանակը հասարակության հայելին է։ Հասարակությունն ինչ խնդիրներ ունի, դա արտացոլվում է բանակում։ MediaHub-ը բանակում տեղի ունեցող սպանությունների աճի վերաբերյալ զրուցել է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի հետ։


«Վերջին պատերազմից հետո բավականին բարդացավ ամեն ինչ. ծառայության պայմանները բարդացան, հաճախ նաև՝ խստացան, դարձան անսովոր, որին ավելացավ հասարակության անկումային վիճակը և, հետևաբար, այս ամենը հանգեցրեց կազմակերպչական քաոսի»,- ասում է Հակոբյանը:


Նրա խոսքով՝ սա կարող է կապված լինել և՛ հոգեբանական խնդիրների հետ, և՛ բանակում վերահսկողության թուլացման հետ․


«Հսկողության թուլացում անկասկած կա, իսկ վերջին պատերազմից հետո մենք Պաշտպանության 4 նախարար փոխեցինք, դա չի կարող չունենալ իր ազդեցությունը»,- ավելացրեց փորձագետը:


«Հաջորդը՝ նախարարության կողմից աշխատանքների անարդյունավետ կազմակերպումը բերում է նման անդառնալի դեպքերի»։


Հարցին՝ հիմնականում տվյալ խնդիրը որ օղակի պատասխանատվության թուլացման հետևանք է, ռազմական փորձագետը մանրամասնեց․


«Չեմ ցանկանում սա բարդել մեկ օղակի թուլացման վրա. խնդիրը համակարգային է, բանակային բոլոր օղակների թերացումն է բերել սրան։


Մեզ դեռ չի հաջողվել բանակից արմատախիլ անել գողական բարքերը, հրաման տալու մշակույթ չի ձևավորվում մեր բանակում, տարրական հարցերում պատշաճ կերպով հրամանը չի տրվում, ինչն էլ հանգուցային եղավ պատերազմական իրավիճակում»։


Ռազմական փորձագետի կարծիքով՝ անհրաժեշտ է իրականացնել համապարփակ ոլորտային բարեփոխում։


«Մեզ թվացել էր, թե բարեփոխումն այն է, որ զինվորը պետք է ելակ ուտի, ո՛չ, անհրաժեշտ են ընդհանուր բարեփոխումներ. կարևոր պայմաններից մեկը կրթված հասարակություն ունենալն է, զինվորը պետք է գիտակցի այն ամբողջ պատասխանատվությունը, որը դրված է նրա ուսերին, իսկ կրթված հասարակության անդամը չի գնա նման քայլի»:


Մերի Գևորգյան

1/3635
bottom of page