top of page

Ռուսաստանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխան որոշումները. Խանդանյանը պայման է նաշել

2 hours ago
2 min read


Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վերափոխման կարիք ունեն՝ հաշվի առնելով տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները։ Այս մասին «ԱՊՐԻ Ֆորում 2026»-ի շրջանակում հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների «կառուցողական վերափոխումը» կոնկրետ ինչ քայլեր է ենթադրում։


«Իսկապես, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները տրանսֆորմացիայի կարիք ունեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս հարաբերությունները իներցիայի բերումով և հանգամանքների բերումով հիմնականում կառուցվել են անվտանգային համագործակցության գլխավորապես շուրջ և այն տրամաբանությամբ, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է։ Բայց տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք ապացուցել են, որ Ռուսաստանը չէ և չի կարող լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը, և նաև հակամարտությունն է ավարտվել մեր տարածաշրջանում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն, որտեղ Ռուսաստանն ուներ որոշակի դերակատարում, և այս հանգամանքները պետք է հաշվի առնել և մեր հարաբերությունների բնույթը համապատասխանեցնել նոր իրականությանը»,– ասաց Խանդանյանը։


Կառավարող ուժի պատգամավորն ընդգծել է, որ հարաբերությունների վերափոխումը չի նշանակում Ռուսաստանի հետ կապերի խզում։


«Ընդհակառակը, ես կարծում եմ, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները զարգացման մեծ պոտենցիալ ունեն, բայց այն պայմաններում, երբ Ռուսաստանը կհարգի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան որոշումները և կզարգացնի մեզ հետ հարաբերությունները այդ ծիրի մեջ»,– նշեց պատգամավորը։


Խանդանյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանի հետ շարունակել քննարկել առկա խնդիրները, այդ թվում՝ տնտեսական հարցերը՝ փորձելով դրանք լուծել բանակցությունների միջոցով և հանգիստ մթնոլորտում։


Նա առանձնացրեց նաև Հայաստանի ապաշրջափակման և տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման հարցերը՝ դրանք Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն համարելով։


«Այս տեսանկյունից մենք երկաթուղիների հարցում պետք է ունենանք լուծումներ, որովհետև Հայաստանը մի կողմից TRIPP ծրագիրն իրականացնելով՝ մեծ հնարավորություն է բացում մեր իսկ ապաշրջափակման համար, բայց, մյուս կողմից, եթե TRIPP ծրագիրը մնա միակ գործող ծրագիրը, մեր ենթակառուցվածքների ապաշրջափակման տեսանկյունից, ապա մենք խնդիր կունենանք։ Ուստի Հայաստանի երկաթուղիները պետք է համապատասխանեցվեն մեզ արտաքին աշխարհին կապելու համար»,– ասաց Խանդանյանը։


Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ քննարկումն արդեն հրապարակային է, և հայկական կողմն ակնկալում է այն լուծել Ռուսաստանի հետ «բարեկամաբար, հանգիստ մթնոլորտում»։ Նա հավելեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների օրակարգը շատ լայն է, և Հայաստանը պատրաստվում է դրա շուրջ աշխատել։

1/3635
bottom of page