Նորանկախ Հայաստանի հիմքում կանգնած «հակասական պապիկը» 77 տարեկան է
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 77 տարեկան է։ Հանրության շրջանում հակասական տրամադրություններ առաջացնող պապիկը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։
Քաղաքական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։ Գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան շարժմանը, Արցախյան ազատամարտին, ղեկավարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, ապա ընտրվել Հայաստանի նորաստեղծ Հանրապետության նախագահ։ Նախագահի պաշտոնից հրաժարվել է 1998 թվականի փետրվարի 3-ին։
Շատերի կարծիքով Լևոն Տեր-Պետրոսյանն իրական լիդեր է, լուռ գործող քաղաքական գործիչ, հմուտ դիվանագետ, որի նախագահության օրոք հայ ժողովուրդը հաղթանակ տարավ Արցախյան առաջին պատերազմում, ապա փորձեց վեր հառնել։ Մարդիկ էլ կան, որ վստահ են՝ Հայաստանն այլ ճակատագիր կունենար և այլ ուղով կգնար, եթե երկրի ղեկը Տեր-Պետրոսյանի ձեռքում չլիներ։ Այդ մարդիկ մինչ օրս անիծելով են հիշում «Լևոնի թվերը» և ուղիղ համեմատական անցկացնում այդ օրերի ու հայաստանյան ներկա իրականության հետ։ Եվ իզուր չէ, որ ՀՀ գործող ղեկավարին այդ մարդիկ կոչում են «Լևոնի ժառանգ» կամ «Տեր-Պետրոսյանի քաղաքական որդի»։
Եթե քայլ առ քայլ վերադառնանք 1990-ականներ, ապա կտեսնենք, որ Տեր-Պետրոսյանն իր իշխանության միայն առաջին երկու տարիներին է լեգիտիմ իշխանություն ունեցել, երբ հանրությունը անկախացումից հետո լուրջ փոփոխությունների ցանկություն ուներ, իսկ ահա 1994-ից սկսած՝ հանրության մոտ «սպասումների հիասթափություն» առաջացավ, ապա անհնազանդություններ, նոր ընտրություններ, արդյունքների կեղծմամբ Տեր-Պետրոսյանի իշխանության հաստատում, և երկու տարի անց հրաժարական։
Նշենք, որ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիները բավականին նման են մեր օրերին, եթե հաշվի առնենք նրա և ներկայիս իշխանության դիրքորոշումների նմանությունը Արցախի հարցի, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների առումով։
Այսպես, 1990-ականներին, երբ ընթանում էր Արցախյան առաջին պատերազմը, գործող իշխանությունը փորձում էր հարաբերություններ հաստատել Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի հետ: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ առանց որևէ քաղաքական զիջման և առանց նախապայմանների պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:
Հատկանշական է, որ 1991-1997 թթ. Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդականն էր հայտնի պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը, որը նույնպես Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման կողմնակից էր: Խոսքը նույն Ժիրայր Լիպարիտյանի մասին է, ով մոտ մեկ ամիս առաջ կրկին հայտարարեց, որ թուրքը հային չի կոտորել, չկա նման բան։
Բացի այդ, քիչ չեն հրապարակումներն ու հայտարարությունները տեր-պետրոսյանական կլանի կողմից յուրացումների վերաբերյալ։
ԱՄՆ-ում լույս տեսնող «В новом свете» ռուսալեզու շաբաթաթերթն, օրինակ, 1998 թվականի հունիսի 11-ի իր համարում անդրադարձ է կատարել Լևոն Տեր-Պետրոսյանի կլանին և Հայաստանից նրանց արտահանած ֆինանսական միջոցներին։ Շաբաթաթերթի զրուցակիցը ՀՀ ԱԱԾ աշխատակից է եղել, որն, իր անվտանգությունից ելնելով, հեռացել է Հայաստանից։ Լրագրողը նրան հանդիպել է Մոսկվայում, որտեղ անհրաժեշտ տեղեկատվությունը ԱԱԾ նախկին աշխատակիցը փոխանցել է իրեն։
Ըստ հրապարակման՝ Տեր-Պետրոսյանն իր մտերիմների միջոցով 90-ականների կեսերին կարողացել է երկրից դուրս հանել ավելի քան 153 մլն ԱՄՆ դոլար։ Նշվում է, որ Տեր-Պետրոսյանի մտերիմները այդ գումարներով անշարժ գույք են գնել եվրոպական երկրներում և, մասնավորապես, Ֆրանսիայում։
Տեր-Պետրոսյանի անունը անմիջականորեն կապված է նաև «Մարտի 1»-ի հետ, երբ իշխանության համար պայքարը վերածվեց արյունալի բախման, որի արդյունքում սպանվեց տասը հայ։ Այս ամենից հետո, որքան էլ զարմանալի էր շատերի համար, Տեր-Պետրոսյանը չմասնակցեց 2018-ի ցույցերին, թեև Փաշինյանն իր երբեմնի կողմնակիցն ու թիմակիցն էր։ Իսկ ահա 2021-ին Տեր-Պետրոսյանն ինքն առաջարկեց ՀՀ նախկին երկու նախագահներին իր հետ համագործակցել և երկրի ղեկից հեռացնել պատուհաս դարձած Նիկոլ Փաշինյանին, սակայն ոչ բոլորն էին հավատում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի անկեղծությանը:
Ահա այսպիսին է 77-ամյա քաղաքական գործչի անցած ճանապարհը։
Նարե Գևորգյան