top of page

Հայկոն նույնպես գիտեր, որ ուժեղ եմ. ես կշարունակեմ ապրել ու նորովի նայել աշխարհին. Անահիտ Սիմոնյան

  • Nov 20, 2022
  • 2 min read

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի նախկին կինը՝ երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը, «Ինստագրամի» իր էջում նոր հրապարակում է արել տեքստային լուսանկարների շարքով, որում նշել է, որ ինքը պարտավոր է շարունակել ապրել և աշխատել ավելի շատ՝ իր և Հայկոյի փոխարեն՝ որդուն բարեկեցիկ կյանք ապահովելու համար:

«Կյանքում միշտ չէ, որ ամեն ինչ մեր երազածով ու պատկերացրածով է տեղի ունենում: Կյանքը երբեմն շատ դաժան հարված կարող է հասցնել մեզ։ Ես հավատում եմ՝ մենք մի օր կհանդիպենք, եւ ոչ ոք չգիտի ու չի կարող կանխատեսել, թե մեզ համար սովորական օրերից կոնկրետ որ օրը դա տեղի կունենա։ Այդ պատճառով մենք չպետք է մոռանանք գնահատել կյանքը, գնահատել հարազատներին, խոսել այն մասին, թե որքան շատ ենք սիրում նրանց, որպեսզի հետո ուշ չլինի, քանի որ ամեն օրն Աստծո պարգևն է...:

Ես չեմ նեղանում Աստծուց, որ նա իմ երեխային առանց հոր թողեց, քանի որ դա նրա կամքն էր․․․: Թեև չեմ կարողանում համակերպվել տեղի ունեցածի հետ, բայց այլեւս ոչինչ փոխել ու վերադարձնել հնարավոր չէ:

Ես պատրաստ չեմ եղել այդ հարվածին, բայց Աստված ինձ ուժեղ է ստեղծել եւ երկար տարիներ թրծել, որ կարողանամ դիմանալ այս ցավին և տղայիս համար դառնալ ուժեղ մայր, քանի որ հայրիկին ոչ ոք չի կարող փոխարինել այս աշխարհում:

Հայկոն նույնպես գիտեր, որ ես ուժեղ եմ, եւ նա շատ կտխրեր՝ տեսնելով ինձ կոտրված ու անօգնական, ինչպիսին եղել եմ հիվանդանոցում նրա գտնվելու և մահվան մասին լսելու ժամանակ։ Հիմա ես հավաքել եմ ինձ և սկսում եմ ապրել նորովի: Ես նորովի կնայեմ աշխարհին, նորովի կզգամ իմ երեխային, նորովի կտեսնեմ այն ամենը, ինչ շրջապատում է ինձ: Ցավոք, նորովի կապրեմ առանց նրա:

Իմ աշխարհում որդիս միայն բարին կտեսնի, իմ որդին կլինի հայրենասեր և իր հայրենիքի պաշտպանը՝ կոփված կյանքի ցանկացած բարդության դեմ։ Ես ոչ ոքի թույլ չեմ տա մեզ նեղացնել: Ես ավելի շատ կաշխատեմ, կզարգանամ, կշարունակեմ ընդլայնել իմ բիզնեսները հանուն իմ երեխայի լավ ապագայի, քանի որ նրա կարիքները ես եմ միայն հոգալու:

Ամուր կպահեմ հիշողությունները և կշարունակեմ կիսվել մեր արխիվային լուսանկարներով ու նրա արվեստով: Այսուհետ մենք լիարժեք ռեժիմով կաշխատենք և միայն առաջ կգնանք։ Կհանդիպենք շուտով»,- գրել է Անահիտ Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ երգիչ, երգահան Հայկոն մահացավ սեպտեմբերի 29-ին կորոնավիրուսից առաջացած բարդությունների հետևանքով: Նա 48 տարեկան էր:





 
 
1/3249
bottom of page