Նոր Սահմանադրության ներկայացված տարբերակում ներածության հատվածը դեռ չկա. թող տպավորություն չստեղծվի, թե խուսափում ենք այն ներկայացնել. Սրբուհի Գալյան
- 3 hours ago
- 1 min read

Թող տպավորություն չստեղծվի, որ խուսափում ենք ներկայացնել, թե ինչ է այս պահին ամփոփված ներածության շրջանակում, ուղղակի ես միշտ մի բան եմ նշում՝ Սահմանադրության տեքստը, նախագծի տեսքով, լինելու է հրապարակային: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրությունում Անկախության հռչակագրին վերաբերելի հարցին:
Նա նշեց, որ այս պահին, ներկայացված տարբերակում ներածություն չի եղել առհասարակ, որտեղ, ըստ գործող Սահմանադրության, ներառված է հղումը Անկախության հռչակագրին:
«Այդ թվում ներածությունը լինելու է հրապարակային և հանրությունը կարողանալու է տեսնել, թե ինչ է այնտեղ գրված:
Տեքստը պատրաստ է, ես խոստացել էի, որ մարտ ամսին պատրաստ կլինի, բայց մտքերի փոխանակման համատեքստում հրապարակման ժամկետները կհստակեցվեն»,-նշեց նա:
Նա հավելեց, որ հանրությանը կտան բավարար ժամանակ՝ ծանոթանալու տեքստին և բավարար ժամանակ տեքստին ծանոթ լինելով՝ կատարել ճիշտ ընտրություն:




















