top of page

Գլխավոր դատախազությունը պահանջում է 2017 թվականին Բագրատ Սրբազանին 400 հազար դրամով օտարված հատուկ նշանակության տարածքը, այդ թվում՝ զորանոցը, վերադարձնել ՀՀ-ին

  • 1 hour ago
  • 2 min read


2023 թվականի հունիսի 9-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման ամրացված՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող՝ 1198.09 քմ մակերեսով անշարժ գույքը (որից զորանոցը՝ 621.81 քմ, բնակելի շինությունը՝ 121.77 քմ, քարե շինությունը՝ 66.16 քմ, ճաշարանը՝ 225.7 քմ, պահեստը՝ 39.65 քմ, փայտե տնակը՝ 48 քմ, լոգարանը՝ 27 քմ, փայտե տնակը՝ 48 քմ) և հատուկ նշանակության 6.0536 հա հողամասը 2014 թվականի հուլիսի 24-ի պայմանագրով 8.717.184 դրամով օտարվել է Ա.Ս.-ին:

Հետագայում, 2017 թվականի հուլիսի 17-ին Ա.Ս.-ն նշված հատուկ նշանակության հողատարածքը և շինությունները, այդ թվում՝ զորանոցը, ընդամենը 400.000 դրամով օտարել է Վ.Գ.-ին:

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2014 թվականի հուլիսի 4-ին տրված միասնական տեղեկանքի և Վ.Գ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վկայակոչած պայմանագրով օտարված հողամասը օտարման պահին և առ այսօր ըստ նպատակային նշանակության հանդիսանում է հատուկ նշանակության հողամաս:

Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք հատուկ նշանակության հողեր են: Քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասի և Հողային օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է օտարել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն շենքերը կամ շինությունները, որոնք գտնվում են այնպիսի հողամասերի վրա, որոնց սեփականության իրավունքով փոխանցումն արգելված է օրենքով: Նման շենքերը կամ շինությունները կարող են տրամադրվել օգտագործման կամ կառուցապատման իրավունքով:

Վերոհիշյալ հոդվածների բովանդակային վերլուծությունից հետևում է, որ հատուկ նշանակության հողերը և դրանց վրա կառուցված շենքերն ու շինությունները չեն կարող լինել սեփականության իրավունքով այլ անձի փոխանցման առարկա, ուստի ենթակա չեն օտարման:

Քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածի կարգավորումներին համապատասխան, նկատի ունենալով, որ հատուկ նշանակության հողամասի և դրա վրա առկա զորանոցի նկատմամբ օրենքի ուժով չեր կարող ծագել Վ.Գ.-ի սեփականության իրավունքը, ուստի  2026 թվականի մարտի 16-ին Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Վ.Գ.-ի՝ պահանջելով  Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին փակուղու թիվ 1 հասցեում գտնվող հատուկ նշանակության 6.0536 հա հողամասը և դրա վրա առկա՝ 39.78 քմ մակերեսով բնակելի շինությունը, 30.06 քմ մակերեսով քարե շինությունը, 696.01 քմ մակերեսով զորանոցը, 344.93 քմ մակերեսով ճաշարանը, 35.4 քմ մակերեսով պահեստը, 77.24 քմ մակերեսով փայտե տնակը, 26.84 քմ մակերեսով օժանդակ շինությունը վերադարձնել Հայաստանի Հանրապետության սեփականությանը:

Միաժամանակ Գլխավոր դատախազությունը դեռևս 2023 թվականի նոյեմբերի 14-ին հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ  Ա.Ս.-ի և երրորդ անձանց, այդ թվում՝ Վ.Գ.-ի՝ առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Նշված հայցով կիրառվել է հայցային վաղեմություն, սակայն Գլխավոր դատախազության կողմից վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով:

1/3248
bottom of page