top of page

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի նիստին

Nov 20, 2022
1 min read

Նոյեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով մասնակցել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը։ Այդ մասին տեղեկացնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները և ՀԲԸՄ նախագահը քննարկել են հայապահպանության, հատկապես սփյուռքի հայ համայնքների կենսունակության ապահովմանը, ազգային ինքնագիտակցության պահպանմանն ու զորացմանը միտված ծրագրեր։

Քննարկվել են նաև Արցախի ժողովրդի կարիքների հոգացմանը, ազատ ու ապահով կյանքի իրավունքի պաշտպանությանը, պատճառված ավերների վերականգմանը և Արցախի զորացմանը նպաստելու ուղիները և հնարավորությունները։ Դժվարին այս առաքելության մեջ կարևոր նկատվել է ազգային բոլոր կառույցների և համազգային ողջ ներուժի համախմբումը։


Այցի շրջանակներում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում մասնավոր անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀԲԸՄ միջև ձևավորված երկարամյա համագործակցությանը ազգային կյանքի տարբեր ոլորտներում, կարևորվել է համատեղ ծրագրերի շարունակականությունը հանուն հայրենիքում և սփյուռքում առկա մարտահրավերների հաղթահարման։


bottom of page