top of page

Հայաստանը՝ խուժանապետության ճանապարհին

Nov 20, 2022
1 min read


Այն, ինչ դեկտեմբերի 30-ին տեղի էր ունենում Վարդենիս համայնքում՝ դժվար է այլ բան կոչել, քան խուժանապետություն։


Դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում ՔՊ-ին չէր հաջողվել այս համայնքում ստանալ 50%-ից ավելի քվե, իսկ մյուս երկու՝ ընդդիմադիր ուժերը, դաշինք էին կազմել՝ այդպիսով կանխորոշելով իշխանության կուսակցության պարտությունը։


Ընտրություններից անմիջապես հետո՝ կալանավորումներ, ռեպրեսիաներ ավագանու ընդդիմադիր անդամների, նրանց հարազատների նկատմամբ, սակայն այդ ամենը ոչ մի արդյունք չէր տվել՝ ավելի կոնսոլիդացնելով ՔՊ-ի մրցակիցներին։


Ավագանու առաջին նիստի օրը Վարդենիսի գործող ՔՊ-ական քաղաքապետը փորձում էր խուլիգանությամբ, ակնհայտ բեսպրեդելով կանխել նիստի հրավիրումը, ընդ որում՝ ոստիկանության «պարիտետային» աջակցությամբ, որն արտահայտվում էր ավագանու անդամների բերման ենթարկումների գործընթացով։


Խուժանապետությունը հենց սա է, որը որևէ աղերս չունի Նիկոլ Փաշինյանի կողմից թմբկահարվող ժողովրդավարության հետ։

Խուժանապետության դրսևորում է, երբ ԱԱԾ-ն՝ պետության համար կարևոր այդ իսնտիտուտը, ներքաշում են Գյումրիի հետընտրական գործընթացների մեջ, որպեսզի հանրապետության երկրորդ քաղաքում ձևավորեն Փաշինյանի «սրտի իշխանությունը»։

Խուժանապետություն է, երբ Գյուրմրիի համեմատաբար «խաղաղ» սցենարը չեն կարողանում կիրառել Վանաձորում ու դիմում են բացահայտ ռեպրեսիայի՝ կալանավորելով մարդու, որը «5 րոպե պակաս» ռեժիմով քաղաքապետ է։


Խուժանապետության դրսևորում է, երբ մայրաքաղաքի ղեկավար են փոխում միայն այն պատճառով, որ այդպես է ուզում վարչապետի անձին բազմածը՝ Երևանին պարգևելով իր պատմության մեջ ամենաանդեմ ու դժգույն քաղաքապետին։


Երբ խուժանապետության քողարկված այս մեթոդներն այլևս չեն աշխատում, գործի է դրվում դրա ամենապրիմիտվ մեթոդն, ինչին ականատես եղանք Վարդենիսում։


Նիկոլ Փաշինյանի իշխանությունն՝ իր չորրորդ տարում, զրկվել է անգամ օխլոսի աջակցությունից ու գլորվում է բացահայտ ավտորիտարիզմի անդունդը՝ իրեն զրկելով խաղաղ և անցնցում հեռանալու հնարավորությունից։


Վահրամ Բագրատյան

 
 
1/3638
bottom of page