top of page

Հանրային քննարկման ներկայացրած նախագիծը սահմանում է դասագրքի հանդեպ պետության պահանջները․ Անդրեասյան

Nov 20, 2022
1 min read

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխանխարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրային քննարկման ենք ներկայացրել դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի նախագիծը։

Կարգը սահմանում է դասագրքի հանդեպ պետության պահանջները, ինչպես.

դասագիրքը պետք է համապատասխանի Հանրակրթության պետական չափորոշչի, տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջներին և ներկայացնի տվյալ առարկայի կամ դրա մի մասի հիմնական բովանդակությունը,

դասագիրքը պետք է ներկայացնի միայն ստույգ, գիտականորեն հաստատված և ճշգրիտ տեղեկատվություն, վարկածների վերաբերյալ տեղեկատվության ընդգրկման պարագայում՝ հստակ նշում պարունակի այդ մասին, օգտագործի միայն գիտականորեն շրջանառվող վարկածներ,

դասագրքում պետք է ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների հղումներ) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին,


դասագիրքը պետք է հնարավորություն ընձեռի բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող նյութին կամ թեմային և նպաստի սովորողի մոտ դրա վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը,


դասագրքի շարադրանքի լեզուն պետք է համապատասխանի տվյալ տարիքային խմբի լեզվամտածողության առանձնահատկություններին՝ խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ նախադասություններից՝ կիրառելով հնարավորինս պարզ կառուցվածքով և հասկանալի բովանդակությամբ նախադասություններ։

Նախատեսվում է, որ դասագիրքը կարող է լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված)։ Թղթային դասագիրքը ունենում է իր թվայնացված տարբերակը, որը ձեռք է բերվում դասագրքի հետ միաժամանակ։ Սովորողը, ծնողի գրավոր համաձայնության դեպքում, կարող է հրաժարվել թղթային դասագրքերից և օգտվել էլեկտրոնային դասագրքերից:

Նախատեսում ենք, որ դասագրքերի ստեղծման մրցույթը կառանձնացվի դասագրքի հրատարակման մրցույթից։ Դասագրքերի ստեղծման մրցույթին կարող են մասնակցել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք։

Ներկայացված է նաև դասագրքերի փորձաքննության կարգը՝ համապատասխանության, բովանդակային, վարկանիշային գնահատման փուլերի միջոցով, ինչպես նաև գնահատող հանձնաժողովների ձևավորման կարգը՝ սահմանված պահանջներին համապատասխանող փորձագետների շտեմարան ձևավորելու և ձևավորված շտեմարանից համակարգչի միջոցով ընտրության միջոցով։Սահմանված է, որ հանձնաժողովում պետք է ընդգրկվեն հետևյալ մասնագետները.

տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչ,


մանկավարժ-մեթոդիստ,


մանկավարժ-հոգեբան,


հայոց լեզվի մասնագետ,


նկարիչ-ձևավորող,


բժիշկ-հիգիենիստ։


Մանրամասները՝ https://www.e-draft.am/projects/3778/about»։

bottom of page