Գագիկ Ջհանգիրյանի միլիոնատեր փեսան նոր պաշտոն ստացավ

Այսօր վարչապետի որոշմամբ Անրի Վարդանյանը նշանակվեց Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։ Վարդանյանը ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի փեսան է։
Անրի Վարդանյանը մինչ այդ պաշտոնին նշանակվելը զբաղեցնում էր ՀՀ քննչական կոմիտեի hատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետի պաշտոնը։ Այս պաշտոնից ազատվել է հոկտեմբերի 20-ին։ Վարդանյանի կինը՝ Կլարա Ջհանգիրյանը Երևանի թիվ 139 ավագ դպրոցի տնօրենն է։
Վարդանյանը պաշտոնը դադարեցնելու ժամանակ ներկայացրած հայտարարագրում նշել է, որ ունի երկու առանձնատուն Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում և մեկ ամառանոց՝ Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքում։
Վարդանյանը հայտարարագրել է «Toyota» մակնիշի 2021թ-ի արտադրության մեքենա, որը գնել է ամիսներ առաջ։ Որպես կանխիկ դրամ՝ հայտարարագրել է 34,077,600 դրամ։
Որպես եկամուտ՝ հայտարարագրել է 14,455,256 դրամ և 1,500 դոլար, որից 8,089,842 դրամը ստացել է աշխատավարձի դիմաց, 4,498,000 դրամը՝ գույք օտարելուց, 1,867,414 դրամը՝ եկամտահարկի հետ վերադարձից , իսկ 1,500 դոլարը՝ նվիրատվություն։
Իր դրամական միջոցներից ավելի քան 2 մլն դրամ Վարդանյանը ծախսել է հանգստի համար, 1,720,000 դրամ՝ ուսման վարձի համար, 2,894,761 դրամ՝ վարկի վճարման համար, իսկ 13,700,000 դրամ էլ միանվագ ծախս է իրականացրել։
Վարդանյանի կինը՝ Կլարա Ջհանգիրյանը հայտարարագրել է 22,000 դոլար և 15,000,000 դրամ կանխիկ գումար։ Իսկ դպրոցի տնօրենի պաշտոնում ստացել է 1,965,147 դրամ աշխատավարձ։
Արմինե Նավոյան




















