Երբ հասնենք համազգային դիմադրության, թշնամին կհեռանա մեր տնից․ Սաղաթելյան

Պետք է չհաշտվել ինքնիշխանության կորստի և պարտության հետ. Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացման նիստին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ նիստն անց է կացվում հայ ժողովրդի համար բախտորոշ ժամանակահատվածում, երբ հայրենիքը կանգնած է ներքին և արտաքին անվտանգությանն առնչվող լրջագույն մարտահրավերների առջև։
«Մենք այժմ ունենք պարտություն, բայց դա հայ ժողովրդի հավաքական պարտությունը չէ, այլ իշխանության ղեկին հայտնված մի խումբ մարդկանց գործունեության արդյունքն է և բոլոր այն փորձերը՝ ներքին և արտաքին ուժերի կողմից, հայ ժողովրդին ներկայացնել որպես թույլ ու չհաղթող, ձախողված ու դատապարտված ազգ պետք է ստանան համարժեք պատասխան»։
Իշխան Սաղաթելյանը ելույթում նշեց, որ 100-ամյակներն ապացուցել են, որ այս տարածաշրջանում հայ ժողովուրդը եղել և լինելու է գոյապայքարի մեջ՝ հայրենիքի փոքր հողակտորի և անկախ պետականության պահպանման համար։ Ահա այստեղ է, որ ՀՅԴ-ն ասելիք ու անելիք ունի։
«Քանի դեռ կա այս իշխանությունը, այս ամենը անարդյունք է, հետևաբար պետք է ձևավորել դիմադրություն, որ մենք չունենք զիջելու հայրենիք, դիմադրություն թշնամուն, բոլոր ապօրինություններին։ Երբ հասնենք համազգային դիմադրության, թշնամին կհեռանա մեր տնից, իսկ օրվա իշխանություններն իրենց աթոռներից, ժամանակը սուղ է»,- եզրափակեց Սաղաթելյանը։




















