top of page

Ոչ թե իմ պետությունում եմ գտնվում կալանքի տակ, այլ՝ հարևան. նոր մանրամասներ՝ Տոնոյանի դատական նիստից



ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր դատարանում հայտարարել է, որ իր մոտ տպավորություն է, որ ինքը ոչ թե իր պետությունում է գտնվում կալանքի տակ, այլ՝ հարևան պետությունում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատաքննության նախապատրաստման փուլում քննարկվել է կալանավորված մեղադրյալների խափանման միջոցի հարցը։ Դատախազը պահանջել է վերջիններիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ։ Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդել են Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել, Տոնոյանի համար երաշխավորել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը ,«Նավակ Ճոճող»-ը՝ Վիլեն Գաբրիելյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը։ Մյուս ամբաստանյալների պաշտպանները միջնորդել են կիրառել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցներ, այդ թվում՝ գրավ։ Դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 24-ին։

Փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դատական նիստին Դավիթ Տոնոյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ իր համար որոշակի առումով հասկանալի էր քննության սկզբնական փուլում իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման կիրառումը՝ հաշվի առնելով, որ փորձաքննություն է նշանակված, դրա արդյունքներից հետագայում պարզ կլիներ՝ գործը հիմնավոր է, թե ոչ, հետագայում կշարունակի մնալ կալանքի տակ, թե՝ ոչ։ Իսկ այն բանից հետո, երբ փորձաքննությունները թողնվեցին անկատար, իր համար արդեն անհասկանալի է, թե ինչու է գտնվում կալանքի տակ, ավելին, ՝ այդ պահից սկսած իր ընկալմամբ կալանքը կրում է պատժի տարրեր։ Ավելին, Տոնոյանը հայտարարել է, որ իր մոտ տպավորություն է, որ ինքը ոչ թե իր երկրում է գտնվում կալանքի տակ, այլ՝ հարևան երկրում։

Նշենք, որ Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատաքննությունն իրականացվում է դռնփակ ռեժիմով, ինչին դեմ է պաշտպանության կողմը։ Երեկ ընթացող դատական նիստի ընթացքում Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ իր բարի համբավի խնդիրը կա և այս դատաքննությունը դռնբաց դատական նիստերով անցկացնելու նպատակներից մեկը հենց այն է, որ հանրության աչքի առաջ ընթանար ամեն ինչ և տեսնեին, թե իրականում քրեական գործում ինչպիսի նյութեր են առկա և այդ համատեքստում ինչպես է առաջադրվել մեղադրանքը և ինչպես են շարունակական կալանքի տակ պահում իրեն՝ մինչև օրս։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Մասնավորապես, նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։ Ըստ նախաքննական մարմնի՝ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։

Ընդ որում՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։ Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։

1/2098
bottom of page