Առեղծվածային դեպք՝ Շիրակի մարզում

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուշ 2 թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 40-ամյա Հրաչյա Հ-ի դին։
Նշված հասցե ժամանած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ Հրաչյա Հ-ն հանկարծամահ է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ նրա ձախ աչքի շրջանոմ կապտուկ և քերծվածքներ են հայտնաբերվել, ինչի վերաբերյալ նրա մտերիմը հայտնել է, որ նա նշված վնասվածքը ստացել է մահանալուց օրեր առաջ վայր ընկնելու հետևանքով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գյումրիի բնակիչներից Ա. Ղ-ի բնակարանում վերջինիս ներկայությամբ դեկտեմբերի 5-ի երեկոյան ոչ սթափ վիճակում Հրաչյա Հ-ի և նրա ծանոթ՝ Շիրակի մարզի բնակիչ, 28-ամյա Վաչագան Մ-ի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ վերջինս բռունցքներով հարվածել է Հրաչյա Հ-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Դեպքին հաջորդող օրերին վերջինիս առողջական վիճակը կտրուկ վատացել է, իսկ արդեն դեկտեմբերի 7-ին չի կարողացել ինքնուրույն պառկած տեղից վեր կենալ, քայլել, տեղաշարժվել, իսկ հետո մահացել է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել գլխի շրջանում ստացած վնասվածքի հետևանքով։




















