top of page

ՔՊ-ն ցանկացած պահի Նոր Նորքի թաղապետին մատաղացու գառան պես կզոհաբերի իր շահերին

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 days ago
  • 1 min read

Նոր Նորքի թաղապետարանում աշխատակիցների ու անձամբ թաղապետի կողմից քաղաքացուն խմբակային ծեծի ենթարկելը ոչ թե պարզապես խուլիգանություն է, այլ կանխամտածված խուլիգանություն, որն ունի հստակ քաղաքական նպատակ։

Իշխանությունը լավ է գիտակցում, որ իր վարկանիշը հավասարվում է զրոյի, իսկ առջևում համապետական, հնարավոր է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, հետևաբար այլևս ժողովրդավարություն, խոսքի ազատություն ու մարդու իրավունքներ խաղալու ժամանակը չէ։

Այն, ինչ տեղի ունեցավ Նոր Նորքի թաղապետարանում, իր նախադեպը չունի երևի ոչ միայն Հայաստանում, այլև համաշխարհային պրակտիկայում։ Չլսված բան է, որ մարդը բարձրաձայնի որևէ խնդրի մասին ու այս պարագայում կարևոր էլ չէ այլևս, թե իր բարձրաձայնած խնդիրը որքանով է ճիշտ, որքանով չափազանցված, այնուհետև գնա համապատասխան մարմին ու այնտեղ ծեծի ենթարկվի ողջ անձնակազմի, ներառյալ տվյալ մարմնի ղեկավարության կողմից։ Էլ առավել չլսված բան է, որ ծեծ ուտելուց անմիջապես հետո քաղաքացին ձերբակալվի ու նրան ներկայացվի մեղադրանք։

Թյուր է այն համոզմունքը, որ տվյալ թաղապետը պաշտոնանկ չի արվում միայն այն պատճառով, որ «Հանրապետություն» կուսակցությունը, որի անդամ է հանդիսանում նա, շանտաժի է ենթարկում իշխանություններին, սպառնալով, որ նման սցենարի զարգացման դեպքում, իրենք վայր կդնեն Երևան քաղաքի ավագանու անդամի մանդատները, այդպիսով կոլապսի ենթարկելով Երևանի քաղաքապետարանի աշխատանքները։

Իրականում iշխանություններն իրենց շահերը սպասարկող «քաղաքական ուժի» միջոցով փորձում են վախ սփռել ողջ հանրության վրա, հասկացնելով քաղաքացիներին, որ նման ճակատագրի կարժանանան բոլոր նրանք, որոնք այսուհետ կփորձեն քննադատել իշխանություններին, առավել ևս մեղադրել գումարներ մսխելու մեջ։

Իշխանությունները փորձում են հասկացնել, եթե նման պատժի արժանացավ իրենց ծառայող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցչին մեղադրանք ներկայացնողը, ապա ինչե՞ր կլինեն նրա հետ, ով կփորձի ասել, որ ՔՊ-ն մսխում է պետական միջոցները։

Սա, իհարկե, պրիմիտիվ հաշվարկ է իշխանությունների կողմից, սակայն ավելին չի կարելի սպասել գաղափարազուրկ ու քաղաքականապես անկենսագիր զանգվածի կողմից։

Դե իսկ եթե հաշվարկը չաշխատի, իշխանությունները ցանկացած պահի Նոր Նորքի թաղապետին մատաղացու գառան պես կզոհաբերեն իրենց քաղաքական շահերին։

1/2505
bottom of page