Ինչպես Սամվել Կարապետյանը վերջին դասի մեքենա նվիրեց Լոնդոնում․ Սամվել Ֆարմանյան
- 7 hours ago
- 1 min read

Ինչպես Սամվել Կարապետյանը վերջին դասի մեքենա նվիրեց Լոնդոնում։ Գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և մի հատված հրապարակել իր գրքից։
«2010 թ. փետրվար, Լոնդոն, Դորչեստեր հյուրանոց:
«...Դորչեստերյան այդ մթնոլորտում ինձ առանձնապես տպավորելու էր ռուսաստանաբնակ մեր հայրենակից Սամվել Կարապետյանը։
Թեև այդ տարիներին համաշխարհային դասակարգումներով արդեն համարվում էր ամենամեծ կարողությունն ունեցող հայը, սակայն շրջում էր առանց թիկնապահի և անձամբ վճարում իր կեցության ու պատվերների համար։
Ստացվեց այնպես, որ ներկաներից մեկի, որը Կարապետյանի ընկերն էր, ծխախոտը վերջացավ։ Այդ տարիներին Լոնդոնում մեր դեսպանության աշխատակիցներից մեկն ասաց, որ հյուրանոցից դուրս գալու անհրաժեշտություն չկա.դեսպանության վարորդին կխնդրի մի քանի տուփ ծխախոտ բերել։ Րոպեներ անց, երբ այդ դիվանագետը վեր կացավ՝ դուրս գնալու ու վարորդից ծխախոտը վերցնելու, Կարապետյանը նրան խնդրեց նստել ու ճշտելով մեքենայի մոդելն ու համարները՝ ինքը դուրս եկավ։
Հետագայում իմանալու էինք, որ տեսնելով մեր դեսպանությանը սպասարկող հնամաշ մեքենան՝ Կարապետյանը տեղում հանձնարարել էր գնել ներկայացուցչական դասի նոր մեքենա ու տրամադրել դեսպանությանը՝ այդ մասին գերադասելով ոչինչ չասել որևէ մեկին։
Հետագայում կատակելու էինք, թե Կարապետյանը գնեց աշխարհում ամենաթանկ ծխախոտը՝ մեկ տուփի համար վճարելով առնվազն 50 հազար ֆունտ»:
Հատված «Միայնակ ընդդեմ ճակատագրի. ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» իմ հեղինակած հուշագրությունից»:




















