Քրեական հետապնդում է հարուցվել Կամո Արեյանի, Երվանդ Զախարյանի և այլ պաշտոնյաների նկատմամբ
- 3 hours ago
- 2 min read

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելու ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, պատասխանելով Մոնումենտի առանձնատները պետությանը վերադարձնելու մասին հարցին, ասել էր. «Մոնումենտի առանձնատների մասով մենք երկու ուղղությամբ ենք աշխատանք իրականացնում։ Ունենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով դրվագներ, որտեղ այդ թվում՝ այս առանձնատները պահանջում ենք որպես ապօրինի գույք։ Եվ մյուս ուղղությունը 2018 թվականին նախաձեռնված և մինչ օրս Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթն է, որով մենք այս տարի պլանավորում ենք, որ հանրությանը կիրազեկենք որոշակի առաջընթացի մասին։ Կարծում ենք, որ մինչև այս տարվա վերջ նաև քրեական վարույթով կունենանք առաջընթաց։ Մի շարք անձանց վերաբերյալ, ովքեր այս տարածքներում ունեն առանձնատներ, մենք ապօրինի գույքի բռնագանձման հայցերը ուղարկել ենք դատարան»:
«Հայկական ժամանակ»-ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե քրեական վարույթներով ի՞նչ առաջընթաց է գրանցվել, որտեղից մեր հարցին ի պատասխան՝ հայտնել են. «Դատախազը 2026 թվականի ապրիլի 23-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Քրեական վարույթով հիմնավորվել է, որ Երվանդ Զախարյանը, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, պետական սեփականություն հանդիսացող՝ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման մասում գտնվող և Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների (օտարման ոչ ենթակա հողեր) ցանկում ընդգրկված 6000 քմ մակերեսով հողամասը «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» ՀԿ-ին օտարելու, 6000 քմ մակերեսով հողամասը «Սուրբ Լազար» առողջապահական ՀԿ-ին օտարելու գործընթացներում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:
Մասնավորապես՝ «Հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտիներ» նպատակային նշանակությամբ ու հանգստի համար նախատեսված հողամասերի սահմաններում գտնվող և պետական սեփականություն հանդիսացող՝ օտարման ոչ ենթակա, ընդհանուր 197 միլիոն 712 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասերն ուղղակի վաճառքով օտարվել են հասարակական կազմակերպություններին: Օտարման հետևանքով Երևան քաղաքը զրկվել է ընդհանուր 12 հազար քմ մակերեսով կանաչ տարածքից. տարածքը նախկինում՝ որպես զբոսանքի և հանգստի վայր, հասանելի է եղել բոլորին, իսկ օտարումից հետո դարձել է ցանկապատված մասնավոր տարածք:
Դատախազը նույն օրը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել նաև 2006 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2008 թվականի ապրիլի 11-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արսեն Լալայանցի նկատմամբ, 2004 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև 2007 թվականի սեպտեմբերի 28-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Մազմանյանի նկատմամբ:
2026 թվականի մայիսի 18-ին դատախազը քրեական հետապնդում է հարուցել նաև 2003 թվականի հուլիսի 12-ից մինչև 2009 թվականի հուլիսի 6-ը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կամո Արեյանի նկատմամբ»:




















