top of page

Վարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան

May 14, 2024
1 min read

Չի կարող 70-80 հազար մարդ հավաքվել, եւ հաջորդ օրը այդ շարժումը մարի, չի կարող նման բան լինել, News.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Մենք ամեն օր տեսնում ենք, որ ոչ թե մարում է, այլ նոր մարդիկ են միանում: Մարդիկ կան, որ արագ փոփոխությունների ակնկալիքներ ունեն, մենք ոչ պակաս ուզում ենք, որ դա տեղի ունենա, բայց կան գործընթացներ, կան քայլեր, որոնք պարտադիր պետք է արվեն: Իմպիչմենթի գործընթաց կա: Այս ընթացքում նաեւ տնային աշխատանք կա անելու: Մենք մի քանի օր է, որ Երեւանում ենք եւ տնային աշխատանքը պետք է կատարենք: Իմպիչմենթի գործընթացը եւս տարվում է»,-ասել է նա:

Դիտարկմանը, որ իմպիչմենթի համար պետք է ՔՊ-ից պատգամավորներ միանան, Դանիելյանն արձագանքել է. «Տարբեր մարդիկ կան, որ տարբեր պատգամավորների հետ մտերիմ են, այսօր էլ մեկը մոտեցավ, ասաց՝ ես կարող եմ խոսել իրենց հետ: Ասաց՝ թույլ տալի՞ս եք, որ գնամ խոսեմ, ես ասել եմ՝ այո: Այն օրակարգը, որով մենք հանդես ենք գալիս, շատ միավորող է: Եթե այս հնարավորությունը մեր ձեռքից բաց թողնենք, վաղը ավելի ռադիկալ տրամադրված մարդիկ կարող են գալ, որոնք նաեւ ընդդիմության դաշտում կան: Եթե ՔՊ-ն չօգտագործի այս հնարավորությունը, վաղը իր համար լինելու է ճակատագրական: Սա խաղաղ, անցնցում անցում է»:

Դանիելյանը նշել է նաև, որ եթե իրենք հիմա ասեն իրենց քայլերի հաջորդականությունը, իշխանությունները դրանից կօգտվեն. «Դրա համար Բագրատ Սրբազանը շատ խաղաքարտեր  չի բացում»:

Հարցին՝ ո՞վ է լինելու վարչապետի թեկնածուն, Գառնիկ Դանիելյանը պատասխանել է․ «Այսօր ամենաբարձր վարկանիշն ունի Բագրատ Սրբազանը, ինձ համար թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Բոլոր շերտերը հարգում, ընդունում են իր անցած ուղին, իր տեսակը: Առնվազն ինձ համար դա ակնհայտ է»:

1/3638
bottom of page