Բացահայտվել է՝ ուր են ԱՄՆ-ից գաղտնի արտաքսել միգրանտներին

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի տվյալներով՝ Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ԱՄՆ-ից շուրջ 25 հազար միգրանտ է արտաքսվել երրորդ երկրներ՝ գաղտնի պայմանավորվածությունների շրջանակում։ Ծրագրի համար ԱՄՆ վարչակազմը հատկացրել է շուրջ 410 միլիոն դոլար, գրում է Deutsche Welle (DW)-ն։
Արտաքսվածների մեծ մասը՝ մոտ 20 հազարը, ուղարկվել է Մեքսիկա, իսկ մյուսները՝ Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Կենտրոնական Ասիայի և այլ տարածաշրջանների 27 երկրներ։ Հետաքննության համաձայն՝ արտաքսվածների թվում եղել են նաև մարդիկ, որոնց ԱՄՆ դատարաններն արգելել էին վերադարձնել իրենց ծագման կամ նախկին բնակության երկրներ, քանի որ այնտեղ նրանց կարող էին հետապնդել կամ նրանց կյանքին ու անվտանգությանը կարող էր լուրջ վտանգ սպառնալ։
Լրագրողների տվյալներով՝ նման պայմանավորվածություններ ձեռք են բերվել առնվազն 38 երկրի հետ, իսկ ծրագրի իրական ծավալը կարող է ավելի մեծ լինել։ Գործընթացում ներգրավված է նաև Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, որը մի շարք երկրներում տեղահանվածներին տրամադրում է բնակարան, սնունդ և հոգեբանական աջակցություն։




















