Փաշինյանին խաղաղության մրցանակ՝ Արցախի տեղահանման տարելիցի նախօրեին․ Կարապետյանի արձագանքը

Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Գերմանիայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակի շնորհմանը և այդ առիթով հնչած հայտարարություններին։
«Հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին։ Երեկ գերմանական հանրային հեռուստատեսությունը նշել է. «51-ամյա նախկին լրագրողը Ադրբեջանին լայնածավալ զիջումներ էր արել»։ Իսկ Գերմանիայի պետնախարարը հայտարարել է. «Շատ հայեր կորցրել են իրենց Հայրենիքը»»,- գրել է Կարապետյանը։
Նիկոլ Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակը շնորհվել է սեպտեմբերի 18-ին Վիսբադենում՝ Հեսսենի երկրամասային խորհրդարանում։ Մրցանակը տրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ նրա ջանքերի համար։ Արարողությանը ելույթ է ունեցել նաև Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Սերապ Գյուլերը։
Մրցանակը ստանալուց հետո Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում «պատմական բեկում» են դարձել խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու Վաշինգտոնի խաղաղության հռչակագրի ընդունումը։
Վարչապետը գնահատանք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նշելով նրա անձնական ներգրավվածությունն ու առաջնորդությունը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հայտարարելով, որ նա «հավասարապես արժանի է այս մրցանակին»։
Փաշինյանն իր ելույթում նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին՝ նշելով, որ, չնայած հակամարտության հետևանքով մարդկային կորուստներին ու տառապանքներին, նրանք «ընդունել և պաշտպանել են խաղաղությունը»։ Նրա խոսքով՝ անցյալը փոխել հնարավոր չէ, սակայն հնարավոր է փոխել ներկան և ապագան՝ հակամարտության փոխարեն ընտրելով խաղաղության, բարգավաճման և համագործակցության հեռանկարը։
Գերմանական Tagesschau-ն դեռ օգոստոսին, ներկայացնելով Փաշինյանին մրցանակ շնորհելու որոշումը, նշել էր, որ 51-ամյա նախկին լրագրողը պարգևատրվում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում իր վարած քաղաքականության համար։




















