top of page

Թույլ տվեցի, որ տղան մի փոքր աշխատի․ Արման Ծառուկյանը հաղթանակ տարավ RAF 9-ում

  • 43 minutes ago
  • 2 min read

Մայիսի 31-ին ԱՄՆ-ի Դալաս քաղաքում կայացել է ըմբշամարտի Real American Freestyle (RAF) 09 մրցաշարը։ Երեկոյի առանցքային գոտեմարտերից մեկում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 2-րդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը տպավորիչ հաղթանակ է տարել ամերիկացի ըմբիշ և ինֆլյուենսեր Քիլոն «Մագզի» Ջիմիսոնի նկատմամբ։

Մրցաշարն անցկացվել է 7-հազարանոց «College Park Center» արենայում, որը հանդիսանում է նաև կանանց NBA-ի «Դալաս Ուինգզ» թիմի տնային մարզադաշտը։ Արման Ծառուկյանին պահանջվել է 3 րոպեից էլ պակաս ժամանակ՝ մրցակցի հարցերը լուծելու համար։

«Ախալքալաքցին» արդեն առաջին մրցափուլում տեխնիկական բացահայտ առավելությամբ ժամանակից շուտ հաղթանակ է գրանցել 16:5 հաշվով։

Ռուսաստանաբնակ հայ մարզիկն արագորեն վաստակել է առաջին 5 միավորը՝ մրցակցին գորգից դուրս մղելով և հաջող գետնում կատարելով։ Ծառուկյանը մոտ էր մրցակցին մաքուր հաղթանակի՝ «տուշեի» ենթարկելուն, սակայն ամերիկացին անսպասելիորեն պատասխանել է տպավորիչ 4-միավորանոց նետումով՝ վերականգնելով ինտրիգը։

Հերթական դուրսմղման ժամանակ փոքրիկ կոնֆլիկտ է առաջացել. Ծառուկյանը գլխով թեթևակի հարվածել է մրցակցին, սակայն միջադեպն արագ հարթվել է մրցավարների միջամտությամբ։

Մենամարտի վերսկսումից անմիջապես հետո Արմանը կատարել է տեղափոխում պարտեր և սկսել անդադար միավորներ վաստակել՝ իրար հետևից հաջող գլորումներ իրականացնելով։ Հաշիվն արագորեն հասել է 16:5-ի, ինչն ապահովել է ժամանակից շուտ հաղթանակ։

Սա 29-ամյա մարզիկի 5-րդ անընդմեջ հաղթանակն էր RAF պրոմոուշենի ըմբշամարտի մրցաշարերում։ Նախկինում նա արդեն հասցրել էր պարտության մատնել ամերիկացիներ Լենս Փալմերին, Ջորջո Պուլասին (երկու անգամ) և հայտնի Յուրայա Ֆեյբերին։

«Ինձ հիանալի եմ զգում։ Գիտեի, որ հաղթելու եմ, պարզապես թույլ տվեցի, որ տղան մի փոքր աշխատի։ Հարգանքներս Մագզիին, շնորհակալ եմ, որ դուրս եկավ գորգ։ Այսօր հանդես է գալու նաև Քոլբի Քովինգթոնը։ Հուսով եմ՝ նա կհաղթի, իսկ հետո ես նրանով կմաքրեմ գորգը և ցույց կտամ, թե ով է լավագույն ըմբիշը MMA-ում»,- նշել է Ծառուկյանը գոտեմարտից հետո։

Ծառուկյանի մարտահրավերն արդեն պաշտոնական ընթացք է ստացել։ Նույն մրցաշարի շրջանակներում Քոլբի Քովինգթոնը 5:4 հաշվով ծանր հաղթանակ է տարել UFC-ի միջին քաշային կարգի նախկին չեմպիոն Քրիս Վայդմանի նկատմամբ։

Արման Ծառուկյանի առաջիկա գրաֆիկը խոստանում է լինել չափազանց հագեցած.

  • RAF 10 (Հունիսի 13, Սենթ-Լուիս). Նախքան Քովինգթոնի հետ հանդիպելը, Արմանն ուժերը կչափի UFC-ի թեթև քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոն, լեգենդար Տոնի Ֆերգյուսոնի հետ։

  • RAF 11 (Հուլիսի 18, Միլուոքի). Արման Ծառուկյանի և Քոլբի «Խաոս» Քովինգթոնի սկզբունքային դիմակայությունը կդառնա այս մրցաշարի գլխավոր իրադարձությունը (Main Event):

Հիշեցնենք, որ Ծառուկյանը պրոֆեսիոնալ MMA-ում ելույթ է ունենում 2016 թվականից, իսկ աշխարհի լավագույն լիգայում (UFC) նորամուտը նշել է 2019-ին։ Իր վերջին մենամարտում, որը կայացել է նոյեմբերին Դոհայում ՝ UFC Fight Night 264 մրցաշարում, նա խեղդող հնարքով հաղթել էր ավստրալացի Դեն Հուկերին։

1/3405
bottom of page