Երևանի ավագանու մեծամասնությունը բոյկոտեց Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով փոխելու որոշման քվեարկությունը
- 2 hours ago
- 1 min read

Այսօր՝ ապրիլի 21-ին, ավագանու նիստում քննարկվել է մայրաքաղաքի Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով վերանվանելու վերաբերյալ նախագիծը: Այն ներկայացրել է «Ազգային առաջընթաց» խմբակցությունը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ օրակարգում ընդգրկված 51 նախագծից մոտ մեկ տասնյակը ինքը հանում է օրակարգից։ Բացի այդ, հանձնաժողովները մի քանի նախագծի վերաբերյալ տվել են բացասական կարծիք։
Երևանի մի շարք փողոցների անվանակոչության մասին 2 նախագիծ էլ օրակարգից հանելուն կողմ է եղել «Հանրապետություն» խմբակցությունը։ Նրանք առաջարկել են հանել հարցը օրակարգից այն պատճառաբանությամբ, որ նման որոշումները պետք է նախապես համաձայնեցվեն ավագանու բոլոր խմբակցությունների միջև, նշվեց նաև, որ նախաձեռնությունը չի անցել լիարժեք հանրային քննարկում:
Քաղաքապետը հայտարարեց, որ օրակարգում մնացել է 38 հարց, որն էլ քվեարկությամբ հաստատվեց ավագանու կողմից։ Երբ վերանվանման որոշման հարցը դրվեց քվեարկություն՝ ավագանու մեծամասնությունը որոշեց բոյկոտել գործընթացը:
Նշենք, որ ավագանու հաջորդ նիստը կգումարվի մայիսի 7-ին՝ ժամը 10։00-ին, քանի որ ավագանու անդամներից շատերը ընդգրկված են խորհրդարանական ընտրությունների ցուցակներում, և օրենքով չեն կարող ավագանու նիստին ավելի ուշ մասնակցել:




















