Թրամփը դիտարկում է իրանական Խարկ կղզին զավթելnւ հնարավորությունը
- 51 minutes ago
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է իրանական Խարկ կղզին զավթելու հնարավորությունը, ինչը կպահանջի ամերիկյան զինվորականների ցամաքային ներխուժում։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Թրամփին գրավում է Խարկ կղզու ամբողջական գրավման գաղափարը, քանի որ դա կնշանակի ռեժիմի տնտեսական նոկաուտ՝ ըստ էության դադարեցնելով Թեհրանի ֆինանսավորումը»,- ասվում է նյութում։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան պաշտոնյան պորտալին հայտնել է, որ ամերիկյան առաջնորդը դեռևս կղզու վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել։ Սակայն, նրա խոսքով, իրավիճակը կարող է փոխվել, եթե Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման ջանքերը ձգձգվեն։
«Այնուամենայնիվ, այս քայլը կպահանջի զորքերի ներկայություն տեղում և կարող է հրահրել Իրանի պատասխան հարվածները Պարսից ծոցի երկրների, հատկապես՝ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների և խողովակաշարերի ուղղությամբ»,- գրում է պորտալը։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ամերիկյան ուժերը հզոր հարված են հասցրել կղզու ռազմական օբյեկտներին։ Նա պնդել էր, որ որոշել է չոչնչացնել կղզու նավթային ենթակառուցվածքը, սակայն սպառնացել էր, որ կփոխի միտքը, եթե Իրանը կամ որևէ մեկ այլ կողմ ձեռնարկի գործողություններ, որոնք կխոչընդոտեն նավերի ազատ և անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։




















