Քոչարյանի հետ կապվող ընկերությունների տնօրենների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
- 2 hours ago
- 2 min read

Դատախազը 2026 թվականի օգոստոսի 25-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության գործող տնօրեն Ի.Հ.-ի, նույն ընկերության նախկին տնօրեն Հ.Մ.-ի…
Դատախազը 2026 թվականի օգոստոսի 25-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության գործող տնօրեն Ի.Հ.-ի, նույն ընկերության նախկին տնօրեն Հ.Մ.-ի, «PLAY CITY» ապրանքային նշանի ներքո գործող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Ա.-ի և «ԿԻՆԵՏԻԿ» ՓԲ ընկերության տնօրեն Կ.Ա.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար:
Մասնավորապես՝
1.Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ի.Հ.-ն 2018 թվականի մարտի 7-ից հանդիսանալով Երևանի Հյուսիսային պողոտա 3 («Ստեֆանո Ռիչի») և Թումանյան 12 հասցեներում («Կորնելիանի») գործող հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության տնօրենը, 2021 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում, առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում դիտավորությամբ չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 577 միլիոն 83 հազար դրամ հարկերը: Քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ Հ.Մ.-ն, ով 2007 թվականի մայիսի 25-ից մինչև 2018 թվականի մարտ ամիսը զբաղեցրել է հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում դիտավորությամբ չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 328 միլիոն 664 հազար դրամ հարկերը:
2.Դատախազը Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի փետրվարի 13-ից Երևանի Աճառյան 35 հասցեում «PLAY CITY» ապրանքային նշանի ներքո գործող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ա.Ա.-ի նկատմամբ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում, առանձնապես խոշոր չափերով՝ 141 միլիոն 54 հազար դրամ հարկերը չվճարելու համար:
3.Դատախազը Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցել 2012 թվականի հոկտեմբերի 17-ից Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեում գործող՝ սպորտային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «ԿԻՆԵՏԻԿ» ՓԲ ընկերության (Օրանժ ֆիթնես) տնօրենի պաշտոնը զբաղեցնող Կ.Ա.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ 520 միլիոն 215 հազար դրամ հարկեր չվճարելու համար:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















