top of page

Ամենակարևորն այն է, որ որևէ մեկն օրենք չխախտի և հետևի կանոններին. Վահագն Խաչատուրյանը՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին

  • 11 hours ago
  • 2 min read


Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահը թեմային անդրադարձել է Աթենքում լրագրողների հետ զրույցում։  

«Ես շատ ակտիվ չեմ ներքաղաքական հարցերում՝ հաշվի առնելով իմ կարգավիճակը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, որը պետք է չեզոք դիրք ունենա։ Իմ հիմնական պարտականությունը Սահմանադրության հետևելն է, և այդ տրամաբանությամբ եմ առաջնորդվում, բայց չեմ կարող իմ գնահատականները չտալ ընդհանրապես, որովհետև ի վերջո, խոսքը Սահմանադրության իրացման մասին է. ես նկատի ունեմ ընտրելու և ընտրվելու իրավունքի մասին։ Ես առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում հենց այդ հանգամանքին։ Գիտեք, որ ես նշանակել եմ ընտրությունների օրը։ Մենք այդ գործընթացն ավելի շուտ արեցինք, քան կարող էինք։ Երբ ես խորհրդակցեցի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ, նա առաջարկեց այս գործընթացն ավելի շուտ իրականացնել, որ լիարժեք պատրաստ լինենք ընտրական գործընթացներին, որպեսզի գործընթացի մասնակիցները չդժգոհեն։ Այդ գործընթացն արդեն սկսվել է, բոլորը պետք է տեղեկանան կանոններին, և կանոնները պետք է միանշանակ պահպանվեն բոլորի կողմից։ Բոլորը պետք է կարողանան ընդունել և ընկալել մի կարևոր սկզբունք, որը վերաբերում է բոլորիս մեր առօրյա կյանքում, բայց տվյալ դեպքում ընտրությունների ժամանակ օրենքը չխախտելու մասին է խոսքը։ Օրենքը խախտողը պատժվելու է։ Սա բոլորի համար սկզբունք պետք է լինի»,- մանրամասնել է ՀՀ նախագահը։

Վահագն Խաչատուրյանը կարևորել է նաև ժողովրդավարության նորմերի լիարժեք պահպանումը։ Նրա խոսքով՝ ժողովրդավարության առավելություններից մեկն այն է, որ ժողովրդավարական սկզբունքները որդեգրած երկրներում մարդիկ սովորել են օրենքներին հետևել, օրենքները պահպանել, նրանց համար օրենքը գերակա է։  

«Հայաստանում կայանալիք ընտրություններին քանի ուժ մասնակցի, այնքան էլ կարծիքներ կլինեն, մենք էլ կծանոթանանք։ Խոսակցությունները, քննարկումները պետք է լինեն, բայց այդ քննարկումները պետք է լինեն պարկեշտության սահմաններում, պետք է լինի ընդունելի բառապաշար, հարգալից վերաբերմունք միմյանց և ավելի շատ հասարակության նկատմամբ։  Անընդունելի է մեզ ոչ հարիր բառապաշարի օգտագործումը»,- նշել է ՀՀ նախագահը։

Նա ցանկություն է հայտնել, որպեսզի Հայաստանում առաջիկայում կայանալիք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև պայմանավորվածություն լինի, որպեսզի բանավեճերը, քննարկումներն անցնեն պատշաճ մթնոլորտում՝ առանց ոչ հարիր բառապաշար օգտագործելու, որպեսզի հնարավոր լինի միմյանց լսել, որպեսզի նաև ժողովուրդը կարողանա հետևել այդ քննարկումներին և բանավեճերին։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին։

1/3189
bottom of page