top of page

Կապանի օդանավակայանի միջազգային դարձնելու հարցով կսկսվեն քննարկումներ

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

Կապանի «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը քննարկումներ կսկսի օդանավակայանի բաժնետերերի հետ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են նախարարությունից՝ ի պատասխան հունվարի 22-ին կառավարության նիստում հնչեցրած ծրագրերը մեկնաբանելու խնդրանքի։


Կառավարության նիստում հաստատվել են արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի ընտանիքին պատկանող «Corporacion America» ընկերության հետ Հայաստանի միջազգային օդանավակայանների կոնցեսիայի վերաբերյալ պայմանագրի փոփոխությունները։


Ներկայում Կապանի օդանավակայանը սպասարկում է միայն ներքին չվերթեր՝ Երևան–Կապան և հակառակ ուղղությամբ։


Նախարարությունից տեղեկացրել են, որ օդանավակայանի միջազգային կարգավիճակի վերաբերյալ ծրագրերը գտնվում են ամենավաղ փուլում, իսկ բաժնետերերի հետ աշխատանքային քննարկումները դեռ չեն մեկնարկել։ Այդ պատճառով այս պահին պարզ չէ, թե սահմանային վերահսկողության, թռիչքուղիների և այլ բաղադրիչների համար ինչ չափի լրացուցիչ ներդրումներ են անհրաժեշտ և երբ կարող են դրանք իրականացվել։


Նախկինում գործող պայմանագրի համաձայն՝ «Corporacion America»-ն նախապատվության իրավունք ուներ կոնցեսիան տարածելու Հայաստանի տարածքում գտնվող ցանկացած նոր միջազգային օդանավակայանի վրա՝ «Զվարթնոցից» 250 կմ շառավղով։ Քանի որ շառավիղը հաշվարկվում է օդային ուղիղ գծով, այն ընդգրկում էր երկրի գրեթե ամբողջ տարածքը։ Այդ հիմքով 2001 թվականին կոնցեսիոները ստանձնել էր Երևանի «Զվարթնոց», իսկ 2007 թվականին՝ նաև Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների կառավարումը։


Կոնցեսիոն պայմանագրի վերջին փոփոխություններով նշված դրույթը չեղարկվել է։ Նախարարության պարզաբանմամբ՝ դա արվել է Կապանի օդանավակայանը միջազգային դարձնելու կամ այդ ուղղությամբ քննարկումներ սկսելու համար՝ առանց այն կոնցեսիոներին հանձնելու։

1/3131
bottom of page